Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աշխատանքային խումբը դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Աշխատանքային խումբը դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին 
հավաստի որևէ ապացույց չի ստացել. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լսեց «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների  նպատակային օգտագործման վերաբերյալ  խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբի, հիմնադրամի հաշվեքննությունն իրականացնող աուդիտորական կազմակերպության և ՀՀ ֆինանսների նախարարի զեկույցները և դրանք ընդունեց ի գիտություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

«Աշխատանքային խումբը հայտնեց, որ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել, ինչպես նաև աշխատանքային խումբն ու արտաքին աուդիտորը զեկուցեցին, որ իրավական սահմանափակումները խոչընդոտել են ՀՀ կառավարության կողմից ծախսված գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրումը:

ՀՀ վարչապետը դիմեց ՀՀ հաշվեքննիչ պալատին՝ առաջարկելով դիտարկել այս հարցով կատարվելիք հաշվեքննություններում աշխատանքային խմբին և աուդիտորական կազմակերպությանը փորձագիտական մակարդակով ներգրավելու հնարավորությունը:

ՀՀ վարչապետը հայտարարեց Կառավարության թափանցիկ և հաշվետվողական գործելու պատրաստակամության մասին. աշխատանքային խմբի և արտաքին աուդիտորական կազմակերպության համար հասանելի դարձնել սկզբնական բոլոր փաստաթղթերը՝ աշխատանքներն ամբողջականացնելու համար և, որը շատ էական է,  վստահեցնել թե՛ խորհրդին, թե՛ հանրությանը, որ Հիմնադրամի ներդրումները Կառավարության խողովակներով պատշաճ կերպով են օգտագործվել:

Հոգաբարձուների խորհուրդն ուշադրության կենտրոնում կպահի այս հարցը և, ըստ անհրաժեշտության, վերստին կանդրադառնա դրան։

Խորհուրդը, արժևորելով Հիմնադրամի դերը աշխարհասփյուռ հայությանը համընդհանուր նպատակի շուրջ համախմբելու գործում, կրկին շնորհակալություն  հայտնեց բոլոր նվիրատուներին և աջակիցներին»,- մանրամասն նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]