Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարումը շոշափելի օգուտներ կընձեռի ՀՀ քաղաքացիներին. Ռուբեն Ռուբինյան

Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարումը շոշափելի օգուտներ կընձեռի ՀՀ 
քաղաքացիներին. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի ուժի մեջ մտնելը նշանավորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ համագործակցության նոր՝ դարակազմիկ փուլի սկիզբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառման բացման խոսքում:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ 2020-ի պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հետ կապված ծանր մարտահրավերների փուլում  համաձայնագրի ուժի մեջ մտնելը դրական ազդակ էր և նշանակալի աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ այդ թվում հոգեբանական առումով:

«Սույն համաձայնագրի դրույթներով ամրագրվում է Եվրամիության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակ, այդ թվում ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը», - ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արդիականացման համար, մասնավորապեսմ օրենսդրական շրջանակը ԵՄ նորմերին մոտարկելու միջոցով:

«Համաձայնագրի ամբողջությամբ ուժի մեջ մտնելը կարևոր է մեզ համար, քանի որ դրանով համագործակցությունն ամրապնդվեց այն ոլորտներում, որոնք մինչ օրս չեն կիրառվել համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթների ներքո, Այս համաձայնագիրն ապահովում է ևս մեկ շրջանակ Եվրամիության և Հայաստանի համար շարունակելու համատեղ աշխատանքը ի շահ Հայաստանի քաղաքացիների», - ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ այդ համատեքստում շեշտելով, որ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորված կառավարության և Ազգային ժողովի նպատակներն ամբողջությամբ համընկնում են մատնանշված պարտավորությունների հետ:

Իսկ ՀՀ Ազգային ժողովը, ըստ փոխխոսնակի, առավել քան երբևէ հակված է իրականացնելու ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարման և ազգային ճանապարհային քարտեզի, գործողությունների ներդրման մեխանիզմի խորհրդարանական վերահսկողության՝ իրեն վերապահված առաքելությունը՝ նախ և առաջ հանուն ՀՀ քաղաքացիների բարեկեցության:

«Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում 2021 թ. հուլիսին Հայաստանին տրամադրված աջակցության հետ մեկտեղ համաձայնագրի ամբողջական գործարկումը շոշափելի օգուտներ կընձեռի ՀՀ քաղաքացիներին և էական նշանակություն կունենա սոցիալ-տնտեսական վերականգնման և երկրի երկարաժամկետ կայունության համար: CEPA-ով ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարումը և բարեփոխումների ավելի լայն օրակարգն էապես կդյուրացնեն հետճգնաժամային վերականգնումը, սահմանադրական կարգի և ժողովրդավարական արժեքների ամրապնդումը: ՀՀ Ազգային ժողովին վերապահված դերն առաջնահերթ նշանակություն ունի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզով ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացին հետևելու հարցում», - նշել է ԱԺ փոխնախագահը՝ շնորհակալություն հայտնելով Թվինինգ ծրագրի շրջանակում կատարված հսկայածավալ աշխատանքի համար:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը իր հերթին ողջունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և Հունաստանի ու Իտալիայի կողմից իրականացվող Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված համաժողովի կազմակերպումը՝ շեշտելով, որ ցանկացած Թվինինգ ծրագրի հաջողության գրավականը ԵՄ անդամ պետությունների և գործընկեր պետությունների հանրային վարչակազմերի, տվյալ պարագայում՝ խորհրդարանների սերտ համագործակցությունն է:

«Դա օգնում է ստեղծել ցանցեր, որոնք շատ կարևոր են: Մենք այս ծրագիրը սկսել ենք Հայաստանի համար չափազանց բարդ ժամանակաշրջանում, բայց ես ուզում եմ հատկապես Հայաստանի Ազգային ժողովի անդամների ներկայությամբ շեշտել, որ այս երկիրը կարողացավ երկրորդ անգամ անցկացնել ազատ, թափանցիկ և վստահելի ընտրություններ, որոնք այժմ թույլ են տալիս շարունակել փոխգործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կենսագործման շուրջ», - ասել է Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ինչպես նաև՝ հույն և իտալացի խորհրդարանականներ, մասնավորապես՝ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսի գլխավորած պատվիրակությունը, Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը:

Հայաստանի և Եվրամիության գործընկերության իրավապայմանագրային հիմքը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]