Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստաս Նամինի հոբելյանական երեկոյին կհնչեն հեղինակի սիմֆոնիկ գործերը

Ստաս Նամինի հոբելյանական երեկոյին կհնչեն հեղինակի սիմֆոնիկ գործերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի լեգենդար ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի ծննդյան 70-ամյակի առթիվ Երևանում հոբելյանական համերգ կկազմակերպվի: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նրա «Աշունը Սանկտ Պետերբուրգում» սիմֆոնիկ սյուիտը, «Առերեսում» hատվածը «Արատներ և սեր» բալետից և Սիմֆոնիա Centuria S-QUARK-ը:

Համերգը, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Ստաս Նամինն ասաց՝ իր համար մեծ պատիվ է, որ Թոփչյանի պես հրաշալի դիրիժորը հրաշալի նվագախմբով ներկայացնելու է իր երկու ստեղծագործությունները: «Այդ շատ տարբեր գործերը գրվել են տարբեր ժամանակահատվածներում: Առաջինը ռոմանտիկ ու սենտիմենտալ գործ է, իսկ երկրորդը՝ առավել հասուն, փիլիսոփայական ու բարդ: Այդ գործերը ներկայացնելը հեշտ չէ, սակայն երեկ փորձին էի մասնակցում և հիացած էի Ֆիլհարմոնիկ նվագախմբով. հնչողությունը փայլուն էր, երաժիշտները՝ բարձրակարգ»,- շեշտեց Նամինն ու տեղեկացրեց, որ համերգի նախաձեռնողը իր մտերիմ ընկեր բժիշկ Վահան Վարդապետյանն է:

Ստաս Նամինի երաժշտության առաջին ուսուցիչը Առնո Բաբաջանյանն է եղել, որը նրանց ընտանիքի մտերիմ ընկերն էր: Նամինի խոսքով՝ Բաբաջանյանը հաճախ է հյուրընկալվել իրենց տանը և կարծել է, թե Նամինը շատ է հետաքրքրվում ջազ երաժշտությամբ: «Առնո Բաբաջանյանը հրաշալի անձ էր, ջերմ, անկեղծ, հոգևոր մարդ, հանճարեղ երաժիշտ: Նկատի ունեմ ոչ թե այն երգերը, որոնք ամբողջ աշխարհն է կատարում, այլ նրա սիմֆոնիկ գործերը. նա փայլուն կոմպոզիտոր էր և մի քիչ ծուլանում էր շատ գրել: Եթե ամբիցիոզ լիներ, ավելի շատ արտակարգ ստեղծագործություններ կստեղծեր»,- ասաց Նամինը՝ չմոռանալով նշել, որ դասական երաժշտության հանդեպ մեծ սեր է տածել նաև իր երկրորդ ուսուցչի՝ Օհան Դուրյանի շնորհիվ, որը ևս իրենց լավ բարեկամն էր:

«Մենք հաճախ ենք ասում, որ տաղանդավոր մարդն ամեն գործում է տաղանդավոր. Ստաս Նամինը դրա վառ օրինակն է: Նա Խորհրդային Ռուսաստանում ռոք երաժշտության հիմնադիրն է եղել, բայց հիմա էլ գրում է սիմֆոնիկ երաժշտություն, փայլուն նկարիչ ու լուսանկարիչ է: Մեզ համար մեծագույն պատիվ է Ստաս Նամինի կողքին լինելը, և մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք նվագել Նամինի ստեղծագործությունները»,- նշեց ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու անդրադարձավ Վարդապետյանին՝ շեշտելով, որ բախտավորություն է Վարդապետյանի ընկերը լինելը, մարդու, որի օգնությամբ հազարավոր երեխաներ են լույս աշխարհ եկել:

Նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն էլ հայտնեց, որ համերգը տեսաձայնագրվելու է, և որոշակի աշխատանք կատարելուց հետո կփորձեն այն ներկայացնել աշխարհին: Պադարյանը մանկուց է լսել Ստաս Նամինի ստեղծագործությունները, քանի որ իր մայրը ժամանակին իրեն նվիրել է նրա սկավառակը: «Չէի կարծում, որ առիթ կլինի Հայաստանում ներկայացնել Նամինի սիմֆոնիկ երաժշտությունը, որը բոլորիս համար հետաքրքիր մարտահրավեր է: Հուսամ՝  Երևանում նաև ռոք համերգ կլինի, որի շրջանակում կնվագենք Ստաս Նամինի սիրված ռոք հիթերը»,- եզրափակեց Ֆիլհարմոնիկի պրոդյուսերը:

Ստաս Նամինը (Անաստաս Ալեքսեյի Միկոյան) ծնվել է 1951 թվականին Մոսկվայում: Նրա պապը ԽՍՀՄ հայտնի պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանն է: Պապի հարազատ եղբայրը՝ Արտեմ Միկոյանը, լեգենդար խորհրդային ավիակոնստրուկտոր, ՄիԳ կործանիչի հեղինակն է: Նամինի հայրը գեներալ-լեյտենանտ, վաստակավոր ռազմական օդաչու էր, մայրը՝ Նամի Միկոյանը (Հարությունովա) ավարտել է կոնսերվատորիան իբրև դաշնակահար և տեսաբան:

Ստաս Նամինին կրթել է մայրը՝ փոքրուց նրան հաղորդակից դարձնելով երաժշտությանն ու գրականությանը:

2011-ին Երաժշտության միջազգային տանը հնչել և ձայնագրվել է Նամինի «Աշունը Սանկտ Պետերբուրգում» սիմֆոնիկ սյուիտը։ 2016-ին Նամինն ավարտել է իր առաջին սիմֆոնիան՝ Centuria S-Quark-ը։ Նույն թվականին սիմֆոնիան ձայնագրվել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և ձայնասկավառակի տեսքով թողարկվել Navona Records-ի կողմից (Մեծ Բրիտանիա-ԱՄՆ): 2017 թվականին սիմֆոնիան հնչել է Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ Ռուսաստանի ազգային նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Պլետնյովի խմբագրությամբ: Այն Արամ Խաչատրյանի սիմֆոնիայի հետ այդ օրը ցուցադրվել է ռուսական «Культура» հեռուստաալիքով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Նամինն  առաջինն է, ով 80-ականների կեսերից սկսած հիմնել է տասնյակ մասնավոր մշակութային կառույցներ՝ ձայնագրման ստուդիա, համերգային գործակալություն, դիզայն ստուդիա, մոդելային գործակալություն, նորաձևության թատրոն, ռադիոկայան, հեռուստաընկերություն, որոնք կոտրել են պետական մենաշնորհն ու հիմք դրել ռուսական շոու բիզնեսի զարգացման համար: Ստեղծել է  առաջին մյուզիքլ թատրոնը: 1989-ին հիմնադրել է Մոսկվայի առաջին ոչ պետական սիմֆոնիկ նվագախումբը (Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբ՝ MSO): 2001 թվականից որպես գլխավոր դիրիժոր այդ նվագախումբը ղեկավարում էր Օհան Դուրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]