Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ալեն Սիմոնյանն առաջնահերթություն է համարել ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացումը

Ալեն Սիմոնյանն առաջնահերթություն է համարել ՀԱՊԿ պետությունների միջեւ 
ռազմական համագործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ  խորհրդի եւ ԽՎ-ի  14-րդ համատեղ լիագումար նիստը: ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ծավալուն ելույթում անդրադարձել է ժամանակակից աշխարհի միջազգային եւ ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ՝ ընդլայնվող նոր մարտահրավերներին ու սպառնալիքների մասշտաբներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  ՀՀ ԱԺ-ից:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Անդրադառնալով 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ստանձնմանը՝  նա շեշտել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նշվում է հիմնարար փաստաթղթի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է ընդլայնել նաեւ համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով  ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները:

Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն  առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:  Ելույթում անդրադարձ է եղել ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ հարցերի: 

Ալեն Սիմոնյանը  կարեւորել է  ՀԱՊԿ-ի խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը: Նա մասնակիցներին տեղեկացրել է, որ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երեւանում անցկացնելու եւ մի շարք այլ  առաջարկներով:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]