Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը. հոգեհանգիստը կկայանա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը. հոգեհանգիստը կկայանա Կոնդի 
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանկարծահաս հիվանդության պատճառով անժամանակ կյանքից հեռացել է վաստակաշատ լրագրող Արա Գալոյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է 168.am-ը՝ հավելելով, որ փիլիսոփայի մասնագիտությունը Արա Գալոյանին օժտել էր կյանքի, մարդկանց, ընկերների ու շրջապատի նկատմամբ միայն իրեն բնորոշ գալոյանական վերաբերմունքով ու սիրով, որի շատ չնչին մասն էր արտահայտվում նրա՝ կրկին միայն իրեն բնորոշ ոճի հոդվածներում։

«Արա Գալոյանը հիմնադրման առաջին օրից իր սյունյակն ուներ «168 Ժամում», որը, ցավոք, այլևս լրացնելու ենք միայն Արայի մասին մեր գեղեցիկ ու տաք հիշողություններով։

Արա Գալոյանը ոչ միայն մեր թերթի, այլև հայկական լրագրության ակունքներում կանգնած նվիրյալ լրագրողներից է, ով մասնագիտական հմտություններից ու բարձր պրոֆեսիոնալիզմից զատ ու դրանից առաջ արժանապատիվ ու ազնվագույն, պատասխանատու քաղաքացի էր, իսկական մտավորական։

Մեր ողջ խմբագրակազմը կիսում է Արա Գալոյանի ընտանիքի անդամների՝ կնոջ, դուստրերի, նրա հարազատների ու ընկերների կորստյան ծանր վիշտը։

Արային մենք միշտ կարոտով հիշելու ենք իր վարակիչ ծիծաղով ու անսահման բարությամբ, հավատավոր քրիստոնյայի առաքինությամբ ու գյումրեցու նուրբ հումորով»,- ասվում է հրապարակման մեջ։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Արա Գալոյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա  նոյեմբերի 29-ին, ժամը՝ 18:00-19:45-ին, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ թաղամաս), Հուղարկավորությունը՝ նույն եկեղեցուց, նոյեմբերի 30-ին, ժամը 12։30-ին, Երևանի «Սպանդարյան» գերեզմանատանը։

Նշվում է, որ 1976-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում:

1984-1987թթ. Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ է եղել:

1991-1995թթ. աշխատել է ՀՀ Հեռուստառադիոպետ վարչության տնտեսական հաղորդումների բաժնի պատասխանատու, այնուհետև՝ գլխավոր խմբագիր:

1995-1999թթ. Աշխատել է «Առավոտ» օրաթերթում՝ որպես տնտեսական մեկնաբան:

1999-2001թթ. եղել է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր:

2001թ. աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես լրագրող:

2002 թվականից աշխատում էր «Շողակաթ» հեռուստաընկերությունում՝ որպես ծրագրերի տնօրեն:

2004 թվականից աշխատում էր «168 Ժամ» թերթում՝ որպես տնտեսական մեկնաբան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]