Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այն մասին, թե ինչու պետք է կործանվի Օսմանյան կայսրությունը. ըստ Մորգենթաուի՝ հայերի տեղահանության գաղափարը գերմանական էր

Այն մասին, թե ինչու պետք է կործանվի Օսմանյան կայսրությունը. ըստ Մորգենթաուի՝ 
հայերի տեղահանության գաղափարը գերմանական էր

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալեաթն ինձ վրա մի մարդու տպավորություն թողեց, ով ուզում է ոչնչացնել բոլոր հայերին: Նա ինձ հայտնեց, որ «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեն հարցն ուսումնասիրել է ամենայն մանրամասնությամբ, եւ տարվող քաղաքականությունը պաշտոնապես ընդունված է նրանց կողմից: Ասում էր, որ չպետք է կարծեմ, թե տեղահանության մասին որոշումը հապճեպ է ընդունվել. իրականում այն երկար եւ լավ մշակված ծրագրի արդյունք է…»:

 

Հենրի ՄՈՐԳԵՆԹԱՈՒ

 

Մեր ժողովրդի ազնվարյուն բարեկամներից մեկն է այս տողերի հեղինակը՝  օսմանյան Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը 1913-1916 թվականներին: Իրավաբանական կրթությամբ դիվանագետն այս երկրում դեսպան է նշանակվել Վուդրո Վիլսոնի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, այն նախագահի, ով ջատագովն էր չարչրկված Հայկական հարցի արդարացի լուծման:

Հենրին Մորգենթաու ամուսինների տասնմեկ երեխաներից իններորդն էր՝ ծնված Գերմանիայի Բադեն հերցոգության Մանհայմ քաղաքում: Հայրն զբաղվում էր ծխախոտի արտադրությամբ, գործարաններ ուներ տարբեր քաղաքներում: Սակայն ԱՄՆ-ում գերմանական ծխախոտի մաքսահավաքի պատճառով լճանալու էր այդ գործը, եւ երբեմնի բարգավաճ ընտանիքը տեղափոխվելու էր Միացյալ Նահանգներ: Այստեղ ապագա դեսպանն ավարտում է Կոլումբիայի իրավաբանական քոլեջը, հետագայում դառնում Ժողովրդական կուսակցության եռանդուն անդամներից: Իր կարիերան որպես անշարժ գույքի բրոկեր սկսած Հենրի Մորգենթաուն Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո, երբ արդեն դեսպան էր օսմանյան երկրում, ներկայացնելու էր նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը՝ որպես ամերիկյան դիվանագետ: Անկախ վարած պաշտոնից՝ նա նաեւ Մերձավոր Արեւելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր:

Երբ հայտնի է դառնում արեւմտահայության տեղահանության բուն նպատակը՝ հայ ազգաբնակչության լիակատար բնաջնջում, դեսպանը հանդիպում է գլխավոր մեղսագործների՝ երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթ եւ Էնվեր Ճիվաղների հետ, ջանքեր գործադրում կասեցնելու մարդկային պատմության մեջ նախադեպը չունեցող՝ պետականորեն ծրագրված եւ կատարվող ոճրագործությունը: Դիմելով Թալեաթին` ասում է. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը…»: Դեսպանին ի պատասխան` մարդակերն արձագանքում է. «Ի՞նչ կարիք կա խոսելու նրանց մասին: Մենք լուծել ենք նրանց հարցը: Ամեն ինչ ավարտված է…»:

1916 թ. Հենրի Մորգենթաուն թողնում է դեսպանի պաշտոնը: Պաշտոնաթողության պատճառը հենց ինքն է մեկնաբանում. «Ես այլեւս չէի կարողանում շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր ու բարեկիրթ են, բայց կարող են մեկ միլիոն մարդու արյուն հեղել…»: Կեղծ բարեկրթություն ու սիրալիր դեմքեր՝ արյունռուշտ բորենիների դիմակի տակ: Պաշտոնաթողությունից կարճ ժամանակ անց, արդարության ասպետը Մեծ եղեռնի մասին արժանահավատ վկայություններով էր հանդես գալու՝ մարդկությանը հասցեագրելով եղեռնը եւ  ոճրագործներին դատափետող փաստագրական ահռելի նյութերով հագեցած իր գրքերն ու հոդվածները: Երախտագիտությամբ արժի որ հիշատակվեն դրանք մեկ առ մեկ՝ «Հայկական ջարդերի առթիվ», «Ինչո՞ւ պետք է կործանել Օսմանյան կայսրությունը», «Հայաստանը կանչում է», «Կոչնչանա՞, արդյոք, Հայաստանը», «Հայերի կոտորածները 1915-ին», «Հայաստանի ողբերգությունը», «Բոսֆորի գաղտնիքներ», «Դեսպան Մորգենթաուի պատմությունը»: Անվանումներն արդեն իսկ հուշում են բուն ասելիքը: Այս բոլոր գրքերն ու հոդվածները հրապարակվել են 1918-1922 թթ., երբ դեռ շարունակվում էր ոճրագործությունը…

Այս ամենով հայության մեծ բարեկամն ու մարդասեր դիվանագետը ժխտում է թուրքական այն վարկածը, թե հայերի տեղահանությունը պայմանավորված է եղել ռազմական անհրաժեշտությամբ, եւ ապացուցում, որ երիտթուրքական պարագլուխների գերխնդիրն էր հայ ազգի վերջնական ոչնչացումը իր իսկ բնօրրանում: Նա դատապարտում է նաեւ եվրոպական տերությունների օձային սառնությունն ու անտարբերությունը ոչնչացող ազգի ճակատագրի հանդեպ:

«Դեսպան Մորգենթաուի պատմությունը» հուշերի գրքում դիվանագետը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում, մասնավորապես Կոստանդնուպոլսում տիրող իրավիճակը, անդրադառնում կայսրությունում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի հետ ունեցած իր հանդիպումներին՝ նշելով Առաջին աշխարհամարտի տարիներին մի շարք հարցերի վերաբերյալ այս երկրի դիրքորոշումը: Շեշտում է, որ 1915-1916 թթ. իրականացված հայերի տեղահանությունը թուրքական նոր մեթոդ էր՝ մինչ այդ երբեւէ չկիրառված: Նրա կարծիքով՝ տեղահանության գաղափարը զուտ գերմանական էր… Պատմությանը հայտնի է, որ այդ գերմանացիների մեջ քիչ չէին ազգությամբ հրեաները, որոնք, սակայն, դեռ չգիտեին, որ նման գործողությունները հատուցման պահանջ են ենթադրում, եւ որ այն տասնամյակներ անց հրեաների դեմ ոչ պակաս դաժանությամբ էին կիրառվելու գերմանական ֆաշիզմի կողմից…

Հավելենք, որ արդարախոս դիվանագետը եղել է Միջազգային կարմիր խաչի կազմակերպիչներից, ղեկավարել Ամերիկյան կարմիր խաչը, զբաղվել բարեգործությամբ: Եվ երախտագիտությամբ հիշատակենք, որ Հայոց ցեղասպանության թանգարանին կից Հուշապատի վերջնամասում, ի թիվս հայանպաստ այլ գործիչների, ամփոփված է նաեւ Մորգենթաուի շիրմից բերված հողով սափորը:

Խոնարհում ու հարգանք բոլորին:

                Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]