Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Վարդենիս քաղաքում բացվեց  Մոնթե Մելքոնյանի կիսանդրին և նրա անվան պուրակը

Վարդենիս քաղաքում բացվեց  Մոնթե Մելքոնյանի կիսանդրին և նրա անվան պուրակը

ԳԱՎԱՌ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 64-ամյակի կապակցությամբ Վարդենիս համայնքի Խաղաղության հրապարակում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և նրա անվան պուրակի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի համայնքապետարանի  և քաղաքացի Գևորգ Գապոյանի նախաձեռնությամբ ու համատեղ ֆինանսավորմամբ կառուցված պուրակի և հուշարձանի բացումը նախատեսված էր անցկացնել դեռ անցյալ տարվա ընթացքում, սակայն այն հետաձգվեց՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածման վտանգով և  այնուհետ Արցախյան 44-օրյա պատերազմով:

Արարողության մեկնարկին Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը և Գևորգ Գապոյանը կտրել են  պուրակի ժապավենը ՝ պաշտոնապես բացելով կիսանդրին, ապա  հանդես եկել  հիշատակի և ոգեկոչման խոսքերով:

Զինվորականների կողմից ծաղկեպսակ է դրվել  հուշարձանի առջև, որից հետո Արցախյան  պատերազմներում հերոսաբար զոհված քաջորդիների հիշատակին մատուցվել է  հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ  Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ, Տեր Տարոն քահանա  Հունանյանի:

Արարողությանը ներկա են գտնվել  հուշարձանի նախագծման հեղինակ, ճարտարապետ Համլետ Գասպարյանը, քանդակագործ Արթուր Շահինյանը, ուժային  կառույցների ղեկավարներ, հյուրեր, վարդենիսցիներ:

Արարողությունը եզրափակել են Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների սաները՝ հանդես գալով Մոնթե Մելքոնյանի հեղինակային խոսքերով, նրան ձոնված բանաստեղծություններով ու երգերով:

«Մոնթե Մելքոնյանն այն առասպելական հերոսն է, որի անունը ոչ միայն ապրում է մեր սրտերում, այլ նաև ապրեցնում է Հայաստանն ու Արցախը, սերունդների առջև կանգնում ազգապահպան ողջ հմայքով։ Նրա անունն այսօր հպարտորեն կրում են Վարդենիս համայնքի բազմաթիվ երիտասարդներ ու մանուկներ, ովքեր կշարունակեն Մոնթեի անմահ գործերը»,- ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

Խոսրով Խլղաթյան   








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]