Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

Կործանված Պոմպեյ քաղաքի բացառիկ ցուցանմուշները ներկայացվեցին Ազգային պատկերասրահում

Կործանված Պոմպեյ քաղաքի բացառիկ ցուցանմուշները ներկայացվեցին Ազգային 
պատկերասրահում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրության շրջանակում ներկայացված են կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մ. թ 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված հռոմեական քաղաքի՝ Պոմպեյի առօրյայի, նիստուկացի, բարքերի մասին:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետաքրքիր ցուցանմուշներով հարուստ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝  նմուշները Պոմպեյի հնագիտական արգելոցից են բերվել Հայաստան և առաջին անգամ են ներկայացվում Կովկասում: «Այս ցուցադրությունն ամփոփում է լեգենդար քաղաքի կյանքը: Այն ոչ թե վախճանի, մահվան, կործանման մասին է, այլ ապրեցնող ցուցահանդես է, որը վերակերտում է կյանքը»,-շեշտեց նա և հավելեց, որ ներառվել է ավելի քան հարյուր արտեֆակտ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ շեշտեց, որ հայերի և իտալացիների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, իսկ ցուցահանդեսը և մշակութային այլ միջոցառումներն օգնում են տեսնելու երկու ժողովուրդների նմանությունները՝ խնդիրներով, նվաճումներով, ավանդույթներով ու սովորույթներով:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ընդգծեց, որ հրաբխային ապարների շնորհիվ  քաղաքում պահպանվել է այն ամենը, ինչին դիպել է լավան՝ թե՛ մարդկանց, թե՛ արվեստի գործերը, թե՛ կենցաղային պարագաները: «Այս ցուցադրությունը եզակի հնարավորություն է ականատես դառնալու ոչինչ չկասկածող բնակիչների առօրյա կյանքին  հենց ողբերգության նախօրեին: Ներկայացված են սքանչելի սափորներ, զարդեր, նույնիսկ սիրահար զույգի կաղապարը»,-ասաց դեսպանը:

Նրա հավաստիացմամբ Պոմպեյի հնագիտական արգելոցն աչքի լույսի պես է պահում ցուցանմուշները և դժվարությամբ է որոշում կայացնում այլ երկրում ցուցադրել դրանք:

Ցուցահանդեսը, որի բացմանը ներկա էին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և արվեստագետներ, կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության ու Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ և Glocal Project Consulting ընկերության աջակցությամբ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]