Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանները չեն կարող փոփոխվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով. Լիտվայի Սեյմի փոխխոսնակը՝ ՀՀ ԱԳ նախարարին

Սահմանները չեն կարող փոփոխվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով. 
Լիտվայի Սեյմի փոխխոսնակը՝ ՀՀ ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Լիտվայի Սեյմի փոխխոսնակ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան՝ հավելելով, որ Ադրբեջանի ապակառուցողական և ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև՝ վերջինիս բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական և պատշաճ արձագանքը՝ կանխելու ադրբեջանական կողմի հետագա սադրանքները և նպաստելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը:

«Լիտվայի Սեյմի փոխխոսնակը հաստատել է լիտվական կողմի սկզբունքային դիրքորոշումը, որ սահմանները չեն կարող փոփոխվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը: Անդրիուս Մազուրոնիսը բարձր է գնահատել Հայաստանում հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվության և հայ-լիտվական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ:

«ՀՀ ԱԳ նախարարն ու լիտվացի խորհրդարնականներն ընդգծել են երկրների խորհրդարանների միջև ակտիվ համագործակցության նշանակությունը՝ կարևորելով նաև բարեկամական խմբերի դերը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ հավելելով, որ ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին՝ կողմերը կարևորել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]