Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը չի բացառել հայկական կողմից ՀԱՊԿ-ին դիմելը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը չի բացառել հայկական կողմից ՀԱՊԿ-ին դիմելը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայունացել է, սակայն պետք չէ բացառել, որ հայկական կողմն օգնության համար կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին դեսպանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, թե իրադրության կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը նվազել է, դեսպանն ասել է. «Դժվար է ասել. կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրադրությունը, ունենք այն, ինչ ունենք: Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան»: Հստակեցնող հարցին, թե արդյոք չպետք է բացառել իրադրության որևէ զարգացում, դեսպանը հաստատական պատասխան է տվել՝ այո:

«Իրադրությունը կայունացել է այս պահի դրությամբ»,- հավելել է նա:

Տողանյանը տեղեկացրել է, որ պաշտոնական Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի, այդ թվում և ադրբեջանական կողմից գերեվարված հայերին հետ վերադարձնելու հարցերի առնչությամբ:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ 

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և  գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]