Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Հումանիտար աղետ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո. դեսպան  Սերգեյ Մինասյանի հարցազրույցը DefenseRomania-ին

Հումանիտար աղետ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո. դեսպան  Սերգեյ 
Մինասյանի հարցազրույցը DefenseRomania-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը 2020թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակող ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց բացառիկ հարցազրույց է տվել DefenseRomania մասնագիտական ռազմաքաղաքական գործակալությանը ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բուխարեստում Հայաստանի դեսպանը խոսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին և նշում, որ անցյալ տարվա հակամարտության ընթացքում լրջորեն խախտվել են մարդասիրական և ռազմական իրավունքի դրույթները։

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

DefenseRomania. Նոյեմբերի 9-ին լրացավ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ համաձայնագրի ստորագրման մեկ տարին։ Ըստ Ձեզ, ի՞նչ կատարվեց։

Սերգեյ Մինասյան. Ինչպես գիտեք, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից օտարազգի գրոհայինների ներգրավմամբ, լայնածավալ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ զրկելով Արցախում բնակվող հայերին սեփական հայրենիքում ազատ ու ապահով կյանքի իրավունքից՝ ըստ իրենց կամքի տնօրինելով նրանց ճակատագրերը։

44 օր տևած պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լուրջ խախտումներով, ռազմական հանցագործություններով և այլ զանգվածային վայրագություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր հրետանային և օդային հարվածներ են հասցրել, քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի նկատմամբ կիրառելով, նույնիսկ, արգելված զինատեսակներ, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների։ Կատարված հանցագործությունները փաստաթղթավորվել և ամբողջությամբ ներկայացվել են մասնագիտացված միջազգային կազմակերպություններին և հաստատություններին։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են միջազգային տարբեր հարթակներում։

Հայատյացության քաղաքականությունը և Ադրբեջանի ղեկավարության կողմից տարիներ շարունակ հնչող ուժի կիրառման սպառնալիքները, հակամարտությունը լուծելու և զինադադարի ամրապնդման վերաբերյալ միջազգային միջնորդների առաջարկների մերժումը, հրադադարի մասին համաձայնագրի դրույթների համակարգված և կանոնավոր խախտումները, շփման գծի երկայնքով զենքի մասսայական կուտակումը՝ խախտելով միջազգային պարտավորությունները, և հարձակողական զորավարժությունների կազմակերպումը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գլոբալ զինադադարի կոչին չարձագանքելը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի գոյությունը հերքող հետպատերազմյան հայտարարություններն ու մի շարք այլ գործողություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը երբեք շահագրգռված չի եղել խնդրի խաղաղ կարգավորմամբ։ Մեկ շաբաթ առաջ սա ևս մեկ անգամ հաստատվեց, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղադրեց 2014թ. պատահաբար Ադրբեջանի տարածքում հայտնված սահմանակից շրջանների երկու հայ բնակիչների խոշտանգումների մեջ։

Ադրբեջանը զգալիորեն խոչընդոտել է միջազգային հանրության, մասնավորապես, միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ջանքերը հումանիտար զինադադար հաստատելու համար։ Ինչպես գիտեք, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ երեք նախարարների մակարդակով ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները չեն իրականացվել։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությունը, որին հաջորդեց ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը, կասեցրեց ադրբեջանական ագրեսիան և պայմաններ ստեղծեց Արցախում բնակչության ամբողջական անվտանգությունն ապահովելու համար։

DefenseRomania. Դուք նշեցիք հումանիտար աղետի հետևանքների մասին, խնդրում ենք մի փոքր մանրամասնել իրավիճակը։

Սերգեյ Մինասյան. Ինչպես արդեն նշեցի Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո Արցախի հայերը բախվել են բազմաթիվ հումանիտար խնդիրների: Ավելի քան 40 հզր մարդ մնացել է առանց տան ու գույքի, ավերվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ և այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետությունը կարևորում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների ու այլ մարմինների ազատ մուտքն Արցախ, ինչը չափազանց կարևոր է հետպատերազմյան հումանիտար ճգնաժամի համապարփակ և արդյունավետ կարգավորման համատեքստում։ Կատարվածից մեկ տարի անց անգամ Ադրբեջանը դեռ գերության մեջ է պահում հայ ռազմագերիներին՝ զինվորականներին և քաղաքացիական անձանց, լրջորեն խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Ինչպես գիտեք, մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը, անդրադարձել են Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները մշտապես Ադրբեջանի ուշադրությանն են ներկայացնում գերության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիական անձանց հարցը։ Ուստի մեզ համար չափազանց կարևոր է միջազգային հանրության, Եվրամիության և անդամ երկրների համապատասխան հաստատությունների դիրքորոշումը։ Հայաստանն, իր հերթին, այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում ինչպես պետական մակարդակով, այնպես էլ խորհրդարանական հարթակներում ու իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային դատարանների կամ քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցությունների ժամանակ։

Այս տարվա սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Ժնևում տեղի ունեցավ Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նիստը, որտեղ քննարկվեց տարբեր պետություններում մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների հարգման իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության մասին համատեղ հռչակագիրը, որին միացան 19 երկրներ ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերից: Այն դատապարտում է ուժի անօրինական կիրառումը, ատելության խոսքը և պատերազմի համատարած քարոզչությունը, ինչպես նաև վերահաստատում, որ գերության մեջ գտնվող զինվորականներն ու քաղաքացիական անձիք, ռազմական գործողությունների դադարեցումից հետո, անմիջապես պետք է ազատ արձակվեն և հայրենադարձվեն. բանակցությունների նպատակով բանտարկյալների կալանքը և կալանքի երկարաձգումը արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։

Բոլորովին վերջերս Հայաստանի Հանրապետությունը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կանխելու Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հետագա խախտումները։ Հայաստանն ընդգծել է, որ այս հարցում պետք է հատուկ կանխարգելիչ դեր ունենան ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները և հատուկ ընթացակարգերը։ Մինչդեռ Ադրբեջանն անտեսում է Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի համար մանդատ ունեցողների կողմից իրեն ուղղված հարցապնդումներն ու հորդորները՝ կապված Լեռնային Ղարաբաղում մարդու միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման հետ։

DefenseRomania. Ներկայումս ինչպիսի՞ն է իրավիճակը տարածաշրջանում ներկա փուլում և ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ։

Սերգեյ Մինասյան. Ինչպես արդեն նշեցի՝ եռակողմ հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերը, որոնք ներկայումս հանդիսանում են Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման երաշխավորը. Այնուամենայնիվ դեռևս գոյություն ունեն որոշ խնդիրներ, գրանցվում են միջադեպեր:

Ցավոք սրտի, չնայած ձեռք բերված պայմանավորվածությունների, Ադրբեջանի գործողությունները շարունակում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես, նկատի ունեմ այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա գարնանը. Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սահմանային տարածք՝ խնդիրներ ստեղծելով գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, որոնցով իրականացվում է հայկական բնակավայրերի միջև տրանսպորտային հաղորդակցության համար։

Ավելին, Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակեցին իրենց թշնամական քաղաքականությունը արցախցիների նկատմամբ, այլև վերանվանեցին իրենց վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերը, ավերեցին ու պղծեցին պաշտամունքային վայրերն ու մշակութային ժառանգության օբյեկտները։ Այս գործողությունները և հայ բնակչության բնաջնջումը ևս մեկ անգամ բացահայտեցին, որ Արցախում երաշխավորել հայերի ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրավունքն անհնար են Ադրբեջանի իրավասության ներքո։

Ուժի կիրառմամբ, մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմից հետո Ադրբեջանի կողմից նմանատիպ բնույթի հետևողական գործողությունների արդյունքում ձևավորված իրողություններն այլևս չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումնը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշում՝ հաշվի առնելով ինքնորոշման անքակտելի իրավունքի պահպանումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանվածների անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղի իրենց հայրենի վայրերը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Բնականաբար, Հայաստանը մշտապես հանդես է գալու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության համար և ջանք չի խնայելու ԼՂ հիմնախնդրի արդար, համապարփակ ու տևական լուծման հասնելու համար՝ երաշխավորելով Արցախում ապրող հայության իրավունքը՝ ապրել արժանավայել և ապահով իրենց Հայրենիքում։

Միանգամայն պարզ է նաև, որ այս հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սկզբունքների և որոշումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմանը զուգահեռ հրամայական է խաղաղ միջավայրի ստեղծումը և տարածաշրջանում կապի բոլոր միջոցների ապաշրջափակումն ու պայմանների ստեղծումը լիարժեք ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման համար։

Սյս համատեքստում կարևոր է ռումինական դիվանագիտության նախաձեռնությունը, որին իրենց աջակցությունն են հայտնել եվրոպական 10 պետություններ և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նախաձեռնության շրջանակներում այս տարվա ամռանը Ավստրիայի և Լիտվայի իր գործընկերների հետ միասին կայացավ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի այցը տարածաշրջան, որի ընթացքում նրանք հանդիպումներ ունեցան Հարավային Կովկասի պետությունների ղեկավարների հետ։ Հուսով ենք, որ ռումինական դիվանագիտության նախաձեռնությունը կնպաստի, առաջին հերթին, արդի և հրատապ հարցերի լուծմանը, ինչպիսիք են հումանիտար խնդիրները, բայց նաև կստեղծի միջավայր, որը կնպաստի կայուն խաղաղության հաստատմանը՝ հարգելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եվրոպական չափանիշները։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]