Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիացի օպերային երգիչ Դևիդ Սերերոն համերգով հանդես կգա Երևանում

Ֆրանսիացի օպերային երգիչ Դևիդ Սերերոն համերգով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի երգիչ, դերասան և պրոդյուսեր Դևիդ Սերերոն ելույթ կունենա Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչի մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Vivaldi Hall-ում:

Սերերոն առաջին անգամ է Հայաստանում, բայց, ինչպես ինքն է նշում, այս այցը հաստատ վերջինը չի լինի: «Ես արդեն վայելում եմ Երևանը. այստեղ մնալու եմ 6 օր, բայց մի բանում վստահ եմ՝ մի օր էլի եմ գալու Հայաստան»,-ասում է երգիչը, որը հայ հանդիսատեսին կներկայացնի հայտնի օպերաներից ու մյուզիքլներից հատվածներ, ֆրանսիական շանսոն և կկատարի Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից:

«Ես Փարիզում մեծացել եմ հայերի շրջապատում: Առաջին մարդիկ, որոնք ինձ հնարավորություն են տվել ելույթ ունենալու որպես երգիչ, հայ են եղել: Համերգներիս հանդիսատեսի շրջանակում ևս գերակշռել են հայերը: Ես շատ շնորհակալ եմ ձեր ազգին՝ այդ մեծ աջակցության համար: Հայերը շատ բարեխիղճ ազգ են, միշտ հյուրընկալ և ընկերասեր: Շատ հայ ընկերներ ունեմ, բայց կցանկանայի ունենալ ավելին»,-ասում է Սերերոն:

Օպերային երգչին անչափ դուր է գալիս հայկական խոհանոցը, իսկ հայ կանայք արդեն հասցրել են հիացնել նրան: «Կարծում եմ՝ հայ կանայք աշարհում ամենագեղեցիկ հոնքերն ունեն»,-ասում է նա: Հայաստանում ելույթ ունենալը Սերերոն համարում է երազանքի իրականացում, իսկ սպասված հրավերն ստացել է իր լավ ընկերոջից՝ Արմանդո Ղուկասյանից: «Նա իմ ընկերն է, որը շոու-բիզնեսում ամենաաշխատասեր մարդկանցից է: Միշտ կարևոր նախաձեռնություններ է իրականացնում: 2019-ին նրա հրավերով ես ելույթ եմ ունեցել Օդեսայում, և հենց այդ օրվանից նրան ասել եմ, որ մի օր անպայման ելույթ եմ ունենալու հայերի համար՝ գեղեցիկ Հայաստանում»,-շեշտում է արտիստն ու հավելում, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին, կիսում է հայերի  ցավն ու ցանկանում ավելին  անել նրանց համար:

Դևիդ Սերերոն հայտնի է իր օպերային, հեռուստատեսային ու բեմական գործունեությամբ: Երգիչն աշխարհում ունեցել է ավելի քան 1600 համերգ, գլխավոր դերերով հանդես է եկել այնպիսի անվանի օպերաներում, ինչպիսիք են՝ «Սիրանո դը Բերժերակ», «Օթելլո», «Նաբուկկո», «Մարդը Լամանչիից», «Ռիչարդ III», «Կարմեն» և այլն: Երգիչն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Air France-ի՝ «Արվեստի և մշակույթի ոլորտում լավագույն ֆրանսիացի ձեռնարկատերը՝ դրսում», The Dale Wasserman հիմնադրամի կողմից՝ «Դոն Կիխոտի լավագույն երգիչ-դերակատար», ճանաչվել է «Բրաշով քաղաքի արտիստ-դեսպանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]