Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Արտավազդ Փելեշյանի «Բնությունը» և այլ ֆիլմեր կցուցադրվեն փաստագրական կինոյի ամենահեղինակավոր IDFA փառատոնում

Արտավազդ Փելեշյանի «Բնությունը» և այլ ֆիլմեր կցուցադրվեն  փաստագրական կինոյի 
ամենահեղինակավոր IDFA փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա փաստավավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր IDFA փառատոնում, որը կանցկացվի նոյեմբերի 17-28-ը Ամստերդամում:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով kinoashkharh.am կայքը, հայտնում է, որ փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշել է՝ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերայից զատ կանցկացվի նաև վարպետի ավելի վաղ շրջանի վավերագրական կինոնկարների հետահայաց ցուցադրություն։

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59)։ «Բնություն» ֆիլմի փառատոնային արշավն ու միջազգային հաջողությունները շարունակվում են։

«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության համարտադրությամբ։ «Բնությունը» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]