Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բացառիկ նամականիշեր, գեղաթերթիկներ. ՀայՓոստն ու Մետրոպոլիտենը համատեղ ցուցահանդես բացեցին

Բացառիկ նամականիշեր, գեղաթերթիկներ. ՀայՓոստն ու Մետրոպոլիտենը համատեղ 
ցուցահանդես բացեցին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀայՓոստի և Երևանի մետրոպոլիտենի կազմակերպած ցուցահանդեսում ներկայացված են նամականիշեր և գեղաթերթիկներ, որոնք թողարկվել են 2010-2021 թվականներին: Ցուցանմուշները պատմում են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, բուսական և կենդանական աշխարհի, տեսարժան վայրերի, նշանակալի իրադարձությունների և ականավոր մարդկանց մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը նպատակ ունի ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին, բացվեց հոկտեմբերի 29-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:

ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանին ցուցահանդեսի կազմակերպման գործում իրենց աջակցելու համար: «Այս ցուցահանդեսը մեր քաղաքացիներին, զբոսաշրջիկներին հնարավորություն կտա ծանոթանալ 2010-2021 թվականներին մարված և շրջանառության մեջ դրված նամականիշերին: Այս կամ այն նամականիշը հավանելու դեպքում մարդիկ այն կարող են պատվիրել առցանց»,-նշեց նա և հավելեց, որ եթե նախաձեռնությունը հաջողություն ունենա, չի բացառվում, որ նման ցուցահանդեսներ իրականացվեն նաև մետրոպոլիտենի այլ կայարաններում:

Խոսելով առանձնահատուկ նամականիշերի մասին՝ Կարապետյանն ասաց, որ հատկապես հետաքրքիր է Հայաստանի առաջին ձայնային նամականիշը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը՝ հնարավոր է վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը հենց կոմպոզիտորի կատարմամբ: 

Ներկայացված են նաև «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակում թողարկված և առաջին հորիզոնականներ զբաղեցրած նամականիշերը: 

«Որոշեցինք այս անգամ ֆիլատելիայի լեզվով ներկայացնել ուղևորներին և զբոսաշրջիկներին Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։ Արվեստը մետրոյում նախագծի շրջանակում մետրոպոլիտենի տարբեր կայարաններում պարբերաբար իրականացվում են տարատեսակ մշակութային միջոցառումներ»,-շեշտեց Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը: 

1992 թվականին անկախ Հայաստանի Հանրապետությունը թողարկեց իր առաջին նամականիշերը` բացելով նոր էջ հայկական ֆիլատելիայի պատմության մեջ: 1992 թվականից ի վեր թողարկվել է ավելի քան 1 000 նամականիշ և գեղաթերթիկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության, կրոնի, մշակույթի, գիտության, արվեստի, արտադրության, սպորտի, ֆլորայի և ֆաունայի, ճարտարապետության և այլ թեմաների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]