Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

ԱԺ-ն չհաստատեց ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

ԱԺ-ն չհաստատեց ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծված քննիչ 
հանձնաժողովի անդամների թիվը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովը քվեարկությամբ չհաստատեց ընդդիմադիր պատգմավորների նախաձեռնությամբ ստեղծված Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ` Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, պատգամավորների ստորագրությունների անհրաժեշտ թվով: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը նախաձեռնությունը ներկայացնելիս, նշել էր, որ հանձնաժողովն ունի ուսումնասիրության երկու առարկա. առաջինը վերաբերում է դատարաններում օրենք սահմանված կարգի խախտմամբ բաշխման գործընթացի խնդիրներին: Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման հաջորդ առարկան վերաբերում է Արդարադատության նախարարի կողմից 2020-ի նոյեմբերի 1-ից հարուցված կարգապահական վարույթներին և այդ վարույթների հարուցման տրամաբանությանը: Առաջարկվում էր, որ հանձնաժողովն ունենա 10 անդամ:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախորդ նիստում, անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, դա համարեց միջամտություն դատական իշխանության ոլորտին: Վարդանյանի կարծիքով՝  այդ հարցն ընդհանրապես ԱԺ իրավասության տիրույթից դուրս է: 

Քվեարկությունից առաջ «Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախորդ օրը հարցի քննարկման ընթացքում շփոթ է առաջացել: Նա առաջարկեց, որ իշխանությունը ևս մեկ անգամ քննարկի, որովհետև դա որևէ ձևով չի խոչընդոտում արդար դատաքննության ընթացին: Խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդմիջումից հետո նախագիծը քվեարկությամբ ստացավ 25 կողմ, 1 ձեռնպահ ձայն: Այսպիսով, որոշումը չընդունվեց:

ՔՊ քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ ՔՊ-ն այդ նախաձեռնությանը կողմ չէր կարող քվեարկել, քանի որ դա հստակորեն ԱԺ լիազորություններից դուրս է՝ հորդորելով ընդդիմադիրներին հաշվի առնել այն լիազորությունները, որոնք տրված են խորհրդարանին:

«Եթե նրանք վկայակոչում են Դատական օրենսգրքի որևէ հոդվածի անկատարություն, ապա կարող են այս պարագայում օրենսդրական վերահսկողություն սահմանել և որևէ կերպ չառնչվել քննիչ հանձնաժողովների գործառույթներին»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ քվեարկությանը մասնակցությունը կարող էր ստեղծել վատ նախադեպ:

«Հայաստան»-ից Արամ Վարդևանյանն էլ տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է:

«Այդ տեսանկյունից այս որոշմանը չքվեարկելը որևէ հետևանք չի ենթադրում, պարզապես սրանով մյուս խմբակցությունը որևէ կերպ չի մասնակցելու այդ աշխատանքներին, ինչում որևէ խնդիր ես չեմ տեսնում: Քննիչ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է ԱԺ իրավասությունների տիրույթում և ամեն կերպ փորձելու է  նպաստել, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները վերանան կամ, առնվազն, նվազեն»,-ասաց պատգամավորը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]