Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ բնանկարչության նախակարապետը

Հայ բնանկարչության նախակարապետը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ բազմության մեջ նա աչքի էր ընկնում իր կիրթ շարժուձեւով եւ փոքր-ինչ երազուն նայվածքով, ուստիեւ նրան տեսնողը ուրիշ բան չէր կարող ենթադրել, եթե ոչ միայն այն, որ այդ մարդը արվեստագետ է: Այնքա՛ն պրոֆեսիան իր կնիքն էր դրել նրա վրա՝ նուրբ զգայունություն, դիտող աչք եւ արտիստիկ մանեւրներ…

Մեր անվանի նկարչին ես ծանոթացա այն ժամանակ, երբ նա հիսունն անց, մեծ համբավի տեր արվեստագետ էր, հայտնի ոչ միայն հայերի, այլեւ Թիֆլիսի բազմազգ ժողովրդի մեջ: Հայտնի եւ սիրված: Կարելի է ասել նույնիսկ՝ այդ տարիներին նա ամենաժողովրդական նկարիչն էր մեզանում, չնայած կային ուրիշ նկարիչներ էլ՝ ոչ պակաս տաղանդով: Նրա ցուցահանդեսները, հիշում եմ, տոնի պես բան էին լինում հասարակության համար, առանձնապես դեմոկրատ խավերի համար: Երբ թերթերում հայտարարություն էր տպվում, թե այսինչ օրը բացվելու է Բաշինջաղյանի ցուցահանդեսը՝ քաղաքացիները՝ երիտասարդ թե ծեր, մտավորական թե աշակերտ, իրար հաղորդում էին որպես ուրախ մի լուր. «Բաշինջաղյանի ցուցահանդեսը բացվում է, պետք է գնալ….»: Ու գնում էին խմբերով»:

                                                                                                         Ստեփան ԶՈՐՅԱՆ

 

Վրաստանի փոքրիկ գավառական Սղնախ քաղաքում ծնված «երազուն նայվածքով» արվեստագետին էր վերապահված հայ գեղանկարչության մեջ սկզբնավորելու ռեալիստական բնանկարի ժանրը եւ կոչվելու դրա հիմնադիրը: Մեծանուն Մարտիրոս Սարյանը, հայ վրձնի այլ վարպետներ նրան ընդունելու էին որպես իրենց նախակարապետ:

Գ. Բաշինջաղյանն առավելապես ապրել եւ ստեղծագործել է վրաց մայրաքաղաքում, երկու տարի՝ արվեստների քաղաք Փարիզում: Ու թեեւ հիմնական կենսավայրը Թիֆլիսն էր, այդուհանդերձ, նրա ստեղծագործությունների գերակշիռ մասը շնչում են հայրենիքի ու հայկական բնաշխարհի հմայիչ, անկրկնելի պատկերներով՝ «Արարատ», «Դիլիջանի ճանապարհը», «Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում», «Սեւան», «Սեւան. անձրեւային օր», «Վաղ գարուն» ու  այլ կտավներ, որոնք աչքի են ընկնում բնության մանրազնին պատկերավորմամբ, քնարականությամբ: Ավելին՝ հայկական թեմաներով նրա վրձնումները հայրենասիրության յուրօրինակ ձոներգություններ են հիշեցնում՝ արտահայտված գունային նրբերանգներով:

Գեղանկարիչը տակավին 26 տարեկան էր, երբ առաջին անգամ իր թարմ ու գունագեղ էտյուդները, որոնք հետագայում օգտագործելու էր մեծադիր կոմպոզիցիաների համար՝ «Ալազանի հովիտը», «Գիշերը Քուռ գետի վրա», «Սեւանա լիճ», հասարակության ու խստապահանջ արվեստագետների դատին է ներկայացնում իր անդրանիկ ցուցահանդեսով: Արձագանքն աննախադեպ էր՝ տաղանդավոր նկարչի համբավ: Ժամանակի ընթացքում աճող այդ համբավի ձեռք բերմանը նպաստում էր նաեւ այն, որ իր արվեստով զբաղվելուց բացի, գեղանկարիչն ակտիվորեն մասնակցում էր նաեւ հասարակական կյանքի անցուդարձերին, մամուլում հանդես գալիս արվեստի ու գրականության վերաբերյալ հոդվածներով, պատմվածքներով, նովելներով ու պիեսներով, եռանդուն ու նպատակային ջանքեր գործադրում սիրո մեծ երգչի՝ Սայաթ-Նովայի տաղերի հավաքման, հրատարակման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման ու ազգաշահ գործունեության այլ  ուղղություններով: Ասել է թե՝ աստվածատուր շնորհներով լեցուն մի անհատականություն, ինչը  քչերին է շռայլված: Պատահական չէր Ավետիք Իսահակյանի հիացական վերաբերմունքը գեղանկարիչ հայրենասերի հանդեպ, որի հետ 1896-ին էր ծանոթացել. «Մեր սերունդը զմայլված էր Բաշինջաղյանի գործերով, եւ մենք նրա ոչ մի ցուցահանդես բաց չէինք թողնում: Ես հետաքրքրությամբ էի լսում նշանավոր նկարչի պատմությունները: Ուր ասես, որ նա չի եղել՝ Եվրոպայում, Ռուսաստանում: Հատկապես լավ գիտեր Իտալիան եւ Փարիզը: Հռոմի, Ֆլորենցիայի, Վենետիկի, Լուվրի գանձերը նրան լավ հայտնի էին: Նա պատմելու հատուկ տաղանդ ուներ: Հիշում եմ՝ ինչպես էր նկարագրում Զանգեզուրը, Ղարաբաղը եւ Անին. իսկական հայրենասեր էր…»:

Շուրջ 1000 սքանչելագործ վրձնումների վարպետն իր երկրային կյանքի վախճանին պատրաստվել է իբրեւ ՆԿԱՐԻՉ. հաճախ է այցելել Թիֆլիսի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի, տեղ փնտրել Աստծո տան գմբեթի տակ եւ 1925 թ. հոկտեմբերի 3-ին վերջին անգամ հարազատներին հիշեցրել իր հավերժական կացարանատեղիի մասին՝ եկեղեցու գավթում, Սայաթ-Նովայի գերեզմանի կողքին…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]