Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են բարձր 
տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

«Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականցվող աշխատանքներն ու ծրագրերը։ Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, նորարարության ոլորտներում Լիտվան աշխարհի առաջատար երկրներից մեկն է հանդիսանում, և այս առումով կարևորել է փորձի փոխանակման, փոխգործակցության հնարավորությունները երկու երկրների միջև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև սիներգիայի և լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները բազմաթիվ են: Դեսպանը հատկապես ընդգծել է ստարտափների, ֆինանսական տեխնոլոգիաների, լայնաշերտ ինտերնետի հետ կապված Լիտվայի փորձը, որում երկիրը առաջատար դիրքեր է գրավում Եվրամիությունում: Այս համատեքստում Ստանիտե-Տոլոչկիենեն ողջունելի է համարել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ գործիքների կիրառումը, ինչպիսիք են Թվինինգը, Թայեքսը և այլն:

Դեսպանը նշել է նաև, որ լիտվական կողմը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիական ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի գործունեությամբ։

Կողմերը երկուստեք ընդգծել են փոխայցելությունների անհրաժեշտությունը՝  երկրների ստարտափների միջև համագործակցության, գործընկերների ձեռքբերման, փոխճանաչելիության նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, փոստի, տիեզերական գործունեության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]