Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Անրի Վերնոյի հոբելյանին անցկացվելիք գիտաժողովը Հայաստան կբերի կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից

Անրի Վերնոյի հոբելյանին անցկացվելիք գիտաժողովը Հայաստան կբերի 
կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակի առթիվ Երևանում հոկտեմբերի 29-31-ը տեղի կունենա «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայում, պահպանություն, հանրայնացում» խորագրով եռօրյա գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգտագործելով Անրի Վերնոյի ժառանգությունը և խորհրդային շրջանի ազգային կինոհետագիծը որպես ելակետներ՝ գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալ այս երկակի երևույթներին՝ որպես ազգային կինոյի դրսևորումներ, որոնք այսօր արդիական մոտեցման ու մեկնաբանության կարիք ունեն համաշխարհային կինոպատմության համատեքստում։

Անրի Վերնոյը հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործական ուղին ծավալվել է Ֆրանսիայում։ Նրա շուրջ 40 լիամետրաժ ժապավենները քրեական ժանրի նմուշներ են՝ արկածային, ոստիկանական, գանգստերական  թրիլերներ։  Վերնոյը հայկական թեմատիկային դիմել է իր ռեժիսորական կարիերայի մայրամուտին՝ 1991-ին ստեղծելով իր հանրահայտ ինքնակենսագրական մելոդրաման՝ «Մայրիկը», որը դարձավ նաև սփյուռքահայ կինոպատկերագրության նշանակալի գործերից մեկը։ Վերնոյի ստեղծագործական ուղին նման է այլ սփյուռքահայ կինոգործիչների անցած ճանապարհին, որոնք օտարության մեջ կենդանի են պահել հայկական մշակույթը։

Ազգային կինոժառանգություն ձևավորելու ցանկությունը հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո մեծապես սահմանափակել է տարածաշրջանային կամ սփյուռքի կինոժառանգության դիտարկումը որպես 20-րդ դարի միջազգային կինոյի  մաս: Հայաստանի նման երկրներում արտադրված ֆիլմերը հաճախ դուրս են մնում գլխավոր արխիվների, թանգարանների և փառատոնների շրջանակներից, ինչը զգալիորեն սահմանափակում է դրանց վերականգնման, հասանելիության և ավելի լայն շրջանառության հնարավորությունները:

Այս գիտաժողովը փորձելու է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական և սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից։  

Եռօրյա գիտաժողովը կանցկացվի անգլերեն և հայերեն՝ համաժամանակյա  թարգմանությամբ: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա հատուկ հանդիպում-զրույց Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ, կկազմակերպվի Վերնոյի առավել նշանավոր ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն և կցուցադրվի նրա 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» (Weekend at Dunkirk) պատերազմական թեմատիկայով ֆիլմը։

Գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով։

Անրի Վերնոյ-Աշոտ Մալաքյանի հիշարժան հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց կարևոր իրադարձությունների օրացույցում:

Գիտաժողովի ծրագրին և ժամանակացույցին կարելի է  ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://ncca.am/hy/news/tidings/503-azgayin-kino-hamamardkayin-jarangutyun








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]