Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին, դահլիճում իրարանցում սկսվեց

Անվտանգության  աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին, 
դահլիճում իրարանցում սկսվեց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովում անվտանգության աշխատակիցները նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանի հորդորով ամբիոնից հեռացրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նիստում մի նախագծի հարցով քննարկմանը Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց. «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է, դավաճանություն է: Ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախն ուրացել»: (Մանուկյանից առաջ ելույթ էր ունենում ՔՊ-ի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը):

Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը ընդհատեց Մանուկյանի ելույթը՝ հիշեցնելով էթիկայի կանոնների մասին: «Դուք ինչ-որ մեկին որ մեղադրում էիք Արցախն ուրանալու մեջ, անուն տվեք»,- ասաց Ռուբինյանը:

Մանուկյանն արձագանքեց՝  բառացի կմեջբերի ՔՊ-ի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքը: Ռուբինյանը հարցրեց, թե արդյոք Մանուկյանը հիմա Խաչատրյանին դավաճա՞ն է անվանում: Որից հետո նա հորդորեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը: Պատգամավորի խոսափողն անջատվեց, Ռուբինյանը Մանուկյանին հորդորեց զբաղեցնել իր տեղը, սակայն պատգամավորը շարունակում էր խոսել՝ անջատված խոսափողով: Ռուբինյանը հորդորեց անվտանգության աշխատակիցներին Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից, որից հետո ներս մտան անվտանգության աշխատակիցները:

Դահլիճում իրարանցում սկսվեց, Ռուբինյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]