Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Թբիլիսիում նշվել է Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը

Թբիլիսիում նշվել է Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսում՝ «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոններում հոկտեմբերի 23-24-ն անցկացվել է համերգային հատուկ ծրագիր, ցուցահանդես և դասախոսությունների շարք՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանից, «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվել են ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ նրա ունեցած ստեղծագործական ու բարեկամական հարաբերությունները: «Հիշեցնենք, որ հոբելյանը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում երեք աջակից պետությունների միջնորդությամբ, որոնցից մեկը եղել է Վրաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկօրյա ծրագիրը իրականացվել է Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։

Միջոցառումները մեկնարկել են հոկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Բազմազան ծրագրի շրջանակում բացվեց ցուցահանդես, որն արտացոլում էր Սպենդիարյանի կյանքի և գործունեության առանցքային դրվագները, ինչպես նաև նրա առնչությունները թիֆլիսյան միջավայրի հետ:

Ներկա են եղել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, հոգևորականներ, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողներ, քաղաքապետարանի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի աշխատակիցներ, արվեստասեր  հասարակայնության ներկայացուցիչներ:

«Սպենդիարյանի կյանքի մասին հետաքրքիր ու բացառիկ փաստերով բանախոսությամբ հանդես եկավ Երևանի Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը:

Սպենդիարյանի` Թբիլիսիում անցկացրած օրերի մասին բանախոսությամբ հանդես եկավ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանի դասախոս` Թինաթին Բարկալայիան:

Թումանյան-Սպենդիարյան բարեկամության և այդ բարեկամության անզուգական պտուղների մասին խոսեց Երևանի Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ Անի Եղիազարյանը: Նա ընդգծեց միջոցառման խորհուրդը»,- հայտնում են տուն-թանգարանից՝ հավելելով, որ հոբելյանական ծրագիրը հոկտեմբերի 24-ին շարունակվել է Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում: Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

«Հագեցած  2-օրյա միջոցառումները բարձր գնահատվեցին Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ  արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի,  Վրաստանում ՀՀ դեսպանության կցորդ Ավետիք Հարությունյանի, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի ներկայացուցիչ Թամար Մարիի կողմից:

Կոմպոզիտորի Երևանի տուն-թանգարանի կողմից դեսպան Ռուբեն Սադոյանը պարգևատրվեց «Ա. Սպենդիարյան 150»  հուշամեդալով:

Օրը նշանավորվեց Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանում՝ ամենայն հայոց բանաստեղծի աշխատասենյակում, 4 կառույցների՝ Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ՝ ի դեմս՝ Մարինե Օթարյանի, Երևանի Հ. Թումանյանի թանգարանի՝ ի դեմս Անի Եղիազարյանի և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Գիսանե Հովսեփյանի, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Եվգենյա Մարկոսյանի միջև փոխադարձ համագործակցության Հուշագրի ստորագրմամբ: Իբրև յուրօրինակ խորհրդանիշ` Մ. Օթարյանը և Ա. Եղիազարյանը լարեցին մեծ գրողի ժամացույցը»,- տեղեկացնում եմ մշակութային օջախից՝ նշելով, որ թեմի 2 կենտրոններում կյանքի կոչված միջոցառումներին հնչել է մեծ կոմպոզիտորի երաժշտությունը: Համերգային բաժնում ելույթ են ունեցել «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանի սան Արթուր Պապիկյանը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար՝ Մարիա Աբուլյան, մեներգչուհի Աիդա Բազոյանը, դաշնակահար Եսայի Աբովյանը, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչներ, միջազգային մրցույթների մրցանակակիրներ Դիանա Հարությունյանը, Անդրանիկ Մալխասյանը և  դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի մենակատարուհի Սվետլանա Տատոևան,  պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի սան Դավիթ Ակոպովը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]