Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը և Երևանի պետական համալսարանը ստորագրեցին Հուշագիր համագործակցության մասին

«Արմենպրես»-ը և Երևանի պետական համալսարանը ստորագրեցին Հուշագիր 
համագործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանը և մասնավորապես՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Հայաստանի լրագրողական կադրերի կարևորագույն դարբնոցներից են, և «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը պատրաստ է իր փորձը, գիտելիքները և արտադրական բազան ի սպաս դնել լրագրողական կրթության զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Արմենպրես»-ի և ԵՊՀ-ի միջև Համագործակցության հուշագրի ստորագրման արարողության ժամանակ նշեց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը՝ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում պրոֆեսիոնալ լրագրության և պրոֆեսիոնալ լրագրողների պատրաստման կարևորությունը:

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր երեխաներին պիտի սովորեցնենք կողմնորոշվել թվային աշխարհում նույնպես, ինչպես մեզ շրջապատող իրական իրերի և երևույթների աշխարհում: Այս առումով մեծապես կարևորում ենք երկուստեք ձևավորված այս նախաձեռնությունը և կարծում ենք՝ դա կդառնա հաջողված օրինակ, մանավանդ որ մեր համալսարանական գործընկերները լայն ճակատով ներառված են երկրի առաջատար լրատվամիջոցների գիտաուսումնական պրակտիկայում», - ասաց «Արմենպրես»-ի տնօրենը:

«Արմենպրես»-ի տնօրեն շեշտեց՝ անկախ փոխըմբռնման հուշագրի գոյությունից՝ «Արմենպրես»-ի և ԵՊՀ-ի համագործակցությունը արդեն իսկ տասնամյակների պատմություն ունի, և նոր հուշագիրը կգա ամբողջացնելու, միգուցե նաև նոր լիցք հաղորդելու այդ համագործակցությանը:

«Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ՝ հույս ունեմ, որ համագործակցությունը նոր որակի կբարձրացնենք, ինչը բխում է թե՛ ոլորտի, թե՛ ուսանողների, թե՛ համալսարանի, թե՛ նաև «Արմենպրես»-ի հետաքրքրություններից», - նշեց Անանյանը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես մեծ կարևորություն է տալիս պրոֆեսիոնալ լրագրության զարգացմանը, ինչպես նաև մասնագիտացված լրագրողների պատրաստմանը՝ ԵՊՀ շրջանավարտների բազայի հիման վրա և կարծում է, որ «Արմենպրես»-ի հետ համագործակցությունն այդ առումով օգտակար կլինի: Ռեկտորի պաշտոնակատարը հույս ունի, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արդյունքում «Արմենպրես»-ի և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համագործակցությունը էլ ավելի կխորանա և կնպաստի ֆակուլտետում ավելի որակյալ կադրեր պատրաստելու գործին:

«Որպես Հայաստանի Հանրապետության ամենահին երկու կառույցները՝ մենք ինչ-որ տեղ նաև պարտավոր ենք համագործակցել, որովհետև առաջին հանրապետության տարիներից սկսած՝ թե՛ Երևանի պետական համալսարանը, թե՛ «Արմենպրես» գործակալությունը գործել են ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի: Եվ այս տեսանկյունից մենք բավականին մեծ անելիքներ ունենք՝ ընդհանուր առմամբ լրատվության ոլորտի բարելավման, մասնագիտական լրատվության տրամադրման, հետաքննող լրագրության, ամառային դպրոցներ կազմակերպելու ուղղություններով՝ հաշվի առնելով, որ ուսանողները կարիք ունեն պրակտիկայի, պրոֆեսիոնալների հետ անընդհատ շփման: Այս տեսանկյունից մեզ համար բացվում է համագործակցության բավականին մեծ դաշտ: Այսօր, երբ նայում ենք մեր լրատվական դաշտին, հասկանում ենք, որ թե՛ կեղծ լրատվության դեմ պայքարելու և թե՛ որակյալ լրատվություն ստանալու տեսանկյունից մեր համագործակցությունը շատ է կարևորվում», - նշեց ռեկտորի պաշտոնակատարը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ իր հերթին փաստեց, որ համալսարանի՝ Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոյի, այժմ էլ «Արմենպրես»-ի հետ ստորագրվող փոխգործակցության հուշագրերը նոր որակ են հաղորդում բուհ-գործատու հարաբերություններին:

«Ըստ էության, գործատուն պատրաստակամ է մասնակից դառնալու բարձրակարգ, մրցունակ մասնագետներ պատրաստելու, կրթելու կարևոր գործին», - ասաց Մարտիրոսյանը:

2021 թ. հոկտեմբերի 25-ին «Արմենպրես» լրատվական գործակալության և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրված Համագործակցության հիմքում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների գործնական ունակությունների զարգացումն է, նրանց մասնագիտական աջակցությամբ ապահովելը, ինչպես նաև տեղեկատվական քաղաքականության տարբեր ոլորտներում նրանց անմիջական մասնակցության հնարավորություն տալը:

Հաշվի առնելով, որ ձեռք բերված համաձայնությունը փոխշահավետ է և ծառայում է հանրային բարիքի ստեղծմանը, կողմերը ստորագրեցին սույն հուշագիրը՝ ռազմավարական գործընկերություն և երկարաժամկետ համագործակցություն իրականացնելու նպատակով:

Ըստ փոխըմբռնման հուշագրի՝ նախատեսվում է նաև ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում, երիտասարդ կադրերի համատեղ վերապատրաստում:

Հուշագրի համաձայն՝ կողմերը համատեղ կազմակերպելու և անցկացնելու են ֆորումներ, գիտաժողովներ, ամառային, աշնանային կամ ձմեռային դպրոցներ, սեմինարներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ, մշակելու և կյանքի են կոչելու մեդիաոլորտի արդիական հարցերի շուրջ ընդհանուր նախագծեր, այդ թվում՝ գիտական և գործնական հետազոտություններ, հարցումներ և այլն:


Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]