Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ծովինար գյուղում անցկացվեց «Թոնրատոն» փառատոնը  

Ծովինար գյուղում անցկացվեց «Թոնրատոն» փառատոնը

 

ԳԱՎԱՌ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում «Միհր Վոյաժ», «Կէան կրթամշակութային կենտրոն» եւ «Հայ խոհարարական ավանդույթների պահպանում  եւ զարգացում» հասարակական կազմակերպությունները  Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ անցկացրեցին «Թոնրատոն» փառատոնը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, մայրաքաղաքից հրավիրված գեղարվեստական ինքնագործ խմբեր, ծովինարցիներ եւ հյուրեր։

Ինչպես իրենց ելույթներում նշեցին կազմակերպիչները՝ միջոցառման նպատակն էր վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն տուն ծիսական կապի ողջ համակարգը, տոնածիսական կերակուրները, ծանոթացնել հացի ծեսին, տվյալ ծեսերին վերաբերվող խոհանոցին, երգ ու պարերին, խաղերին:

Փառատոնի մեկնարկը տրվեց Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը:

«Հազարաշեն տներն ու նրանցում տեղադրված թոնիրները հազարավոր տարիներ եղել են հայ ժողովրդի գոյության հիմնական միջոցներն ու ուղեկիցները։ Ազգային ծեսերը, խոհանոցը ձեւավորվել են հեռավոր ժամանակներում եւ հասել մինչեւ մեր օրերը։ Մշակութային այս արժեքների խորքում մեր ժողովրդի ապրած կյանքն է, պատմությունը, ազգային ինքնության պահպանման ձգտումը»,-ասաց Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։

«Միհր վոյաժ» զբոսաշրջային եւ մշակութային ընկերության համահիմնադիր, փառատոնի նախաձեռնող Կարինե Փանոսյանը բացման խոսքում շեշտեց, որ  անհրաժեշտ է մեր օրերում  հանրահռչակել, պահպանել եւ փրկել վաղ բրոնզի դարից հայտնի հազարաշեն  տները՝ գերանակապ շինությունները: Նա հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունն իր հոգածությունը կցուցաբերի հազարաշեն երդիկավոր կառույցների պահպանման, ճանաչման համար՝ որպես հայկական մշակութային ժառանգության տիպիկ նմուշների:

Մայրաքաղաքից դեպի մարզեր մշակութային նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարեւորության մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Հարգելի ներկաներ, ուրախ եմ ձեզ ողջունել իմ հարազատ Ծովինարում:

Փառատոնները անց են կացվում մարզերում, քանի որ նպատակ ունեն ապակենտրոնացնել զբոսաշրջությունը մայրաքաղաք Երեւանից, վերականգնել եւ պահպանել տեղական ավանդույթները, ինչպես նաեւ նպաստել համայնքների տնտեսական համաչափ զարգացմանն ու ակտիվացմանը: Փառատոնների դերն անտեսել պետք չէ, մանավանդ այն փառատոնների, որոնք տարածում են հայ ազգային մշակույթը:

Նմանատիպ միջոցառումները առավել քան կարեւոր են, որպեսզի կազմակերպվեն, քանի որ ստեղծում են այն հարթակը, որտեղ համախմբվում են համայնքի բնակչից մինչեւ արտադրող եւ սպառող, ցույց տալիս սեփական ներուժը, մշակույթը եւ ավանդույթները»,- ասաց մարզպետը։

Փառատոնի ընթացքում մասնակիցներին պարային կատարումներով ողջունեցին «Նուբար» եւ «Վարք հայոց» ազգագրական երգի ու պարի խմբերը, որոնց հետ ավանդական շուրջպար բռնեցին նաեւ Ծովինար համայնքի երիտասարդները: Փառատոնի մասնակիցները ականատես եղան նաեւ ազգային ծիսական փոքրիկ հատվածների ներկայացմանը, որոնք էին թոնրի մեջ լավաշ հացի թխման ծեսը, հազարաշեններում կազմակերպվող հարսանեկան ծեսը, երգերն ու պարերը, ժողովրդի ծոցից ծնված խաղերը, տվյալ ծեսերին վերաբերող խոհանոցը: Այդ ընթացքում «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը պատրաստեց ավանդական ղափաման, որն, ըստ նրա, խորհրդանշում էր մոլորակի խաղաղությունը, ինչպես նաեւ կնոջ պտղաբերությունը:

Ծովինարում տոնական մթնոլորտը շարունակվեց մինչ ուշ երեկո:

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]