Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բռնցքամարտի հավաքականի անդամների առաջին մրցակիցները հայտնի են  

Բռնցքամարտի հավաքականի անդամների առաջին մրցակիցները հայտնի են

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. արդեն կայացել են մրցաշարի բացման արարողությունը և վիճակահանությունը, հայ բռնցքամարտիկներն արդեն գիտեն իրենց մրցակիցներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր՝ 11 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկվել են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգան Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը: Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից, որտեղ կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ռիվերա Պիզարոյի հետ: Հաղթանակի դեպքում Բազեյանը հաջորդ փուլում կմենամարտի չինական Թայբեյի ներկայացուցիչ Չեն Պո-Յիի հետ:

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/32 եզրափակիչում կմենամարտի սլովակ Ալյազ Սիրցելիի հետ, իսկ հաղթանակի դեպքում հոկտեմբերի 28-ին ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Դ. Դամիանի հետ:

Բազեյանի և Մադոյանի մեկնարկային մենամարտերը կկայանան այսօր:

Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, ապա 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ: Եղիկյանի մեկնարկային մենամարտը կկայանա հոկտեմբերի 27-ին: Հաղթանակի դեպքում հայ բռնցքամարտիկը հոկտեմբերի 30-ին՝ արդեն 1/8 եզրափակիչում, կմենամարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Տուրկբայի Ուլու Միրլանի հետ:

Եվրոպական խաղերի չեմպիոն 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից. նրա մրցակիցը Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանն է: Հովհաննիսյանի մեկնարկը հոկտեմբերի 26-ին է: Տերտերյանի արգելքը հաղթահարելու դեպքում Հովհաննիսյանը նոյեմբերի 1-ին 1/8 եզրափակիչում կմրցի Մարիո Լավեգար (Դոմինիկյան Հ.)-Հիլ Ռոսքոու (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

54 կգ քաշային Վահե Բադալյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 29-ին. 1/16 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի չինական Թայբեյը ներկայացնող բռնցքամարտիկ Լի-Յու Հանը: Հաղթանակի դեպքում Բադալյանը 1/8 եզրափակիչում ձեռնոց կնետի կա՛մ Ղրղզստանի, կա՛մ Էկվադորի ներկայացուցչին:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից. մեկնարկային մենամարտում նրա մրցակիցը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչ Վարինդեր Սինգը: Տոնականյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 27-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից՝ մենամարտելով որակավորման փուլի Դոնիս Ռեյես (Գվատեմալա)-Մալիկ Հասանով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ: Բաչկովի մեկնարկային մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին, իսկ նրա մրցակիցը հայտնի կդառնա վաղը՝ հոկտեմբերի 26-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 71 կգ քաշային Արման Դարչինյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Իսիկ Սիտկի (Թուրքիա)-Ռուստամբեկ Ուլուու (Ղրղզստան) զույգի հաղթողը: Դարչինյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 29-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ կմենամարտի որակավորման փուլի Յոմխոտ (Թայբեյ)–Սավելի Սադոմա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ: Հակոբյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 30-ին:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից՝ հոկտեմբերի 26-ին մենամարտելով Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ: Հաղթանակի դեպքում Մանասյանը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի խորվաթ Ֆիլիպի Տոնիի հետ:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 1/16 եզրափակիչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոգավա Ցոտնեի հետ: Չալոյանի մենամարտը կկայանա հոկտեմբերի 28-ին:

Աշխարհի առաջնության մասնակիցները կմրցեն 13 քաշային կարգերում: Ստուգատեսին հայտավորված է 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական մրցանակով. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային  ֆոնդ։ ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25-հազարական ԱՄՆ դոլար:

ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովի հրավերով աշխարհի առաջնությանը Սերբիայից հետևելու է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկա է գտնվել առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ մի շարք գործնական հանդիպումներ է անցկացրել՝ կապված 2022 թվականին Երևանում բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպման և անցկացման հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]