Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա. բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի անհատական ցուցահանդեսը

Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա. բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի անհատական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում հոկտեմբերի 24-ի բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» առաջին անհատական ցուցահանդեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը նվիրված է Թարգմանչաց տոնին  և ընդգրկում է հեղինակի 53 աշխատանք, որոնք ստեղծվել են հինգ տարում: Դրանք կտավներ են կատարված մետաքսի վրա՝ բատիկայի սկզբունքով: Ստեղծագործություններն անտիպ են, քանի որ  առաջին անգամ փորձ է արվել հայոց այբուբենի տառերը ներկայացնել որպես արվեստի գործ՝ ինքնատիպ լուծումներով և պատկերազարդման  նոր տեխնիկայով: Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու փաստը մեծ հնարավորություն է տվել Արմենուհուն՝ յուրովի ուսումնասիրելու և յուրակերպ բացահայտելու հայկական տառարվեստի և մանրանկարչության առանձնահատկությունները:

Համադրված են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաև  հայկական առասպելաբանության  խորհրդանիշերը: Ստեղծագործություններում առկա են նաև արվեստի ժամանակակից ընկալումների նոր շերտավորումներ, որոնք աշխատանքները ձևակերպում են ժամանակին համընթաց:

Այս փորձառությունը հաճելի մարտահրավեր ու ոգեշնչման աղբյուր դարձավ մի մարդու համար, ով արվեստի բնագավառում չունի ակադեմիական կրթություն. «Հաշվի առնելով, որ հայկական տառերը մշակութային ինքնության անքակտելի և կարևորագույն բաղադրիչներից մեկն է՝ իմ մեջ ցանկություն առաջացավ բացահայտելու հնադարյան գիրն ու զարդարվեստը և յուրովի նոր շունչ պարգևելու դրանց՝ ժամանակի ոգուն համահունչ»,- ասում է Արմենուհին:

Ցուցահանդեսում սպասվում է հանդիպում հեղինակի հետ, ով կներկայացնի իր կրկին առաջին անգամ լույս տեսած,  նույն աշխատանքների կատալոգը, որտեղ զետեղված են ստեղծագործությունների լուսանկարները՝ համապատասխան գեղարվեստական բացատրություններով:

Արմենուհի Սաղդասարյանի՝ «ԱրթԶ» կրթամշակութային ՀԿ-ի կազմակերպած ցուցահանդեսը տևելու է չորս օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]