1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական երաժշտության մեջ Հայաստանի ոգին է. Մոնդելչին Երևանում կկատարի Թարիվերդիև և Ազնավուր

Հայկական երաժշտության մեջ Հայաստանի ոգին է. Մոնդելչին Երևանում կկատարի 
Թարիվերդիև և Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստան է ժամանել հանրաճանաչ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, որը Երևանում կհնչեցնի Շառլ Ազնավուրի և Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունների նոր մշակումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում,
ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Ֆեդերիկո Մոնդելչին հանդես կգա և՛ որպես մենակատար, և՛ որպես դիրիժոր:

Մոնդելչին, որը բազմիցս ելույթներ է ունեցել Հայաստանում, հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանն ու հայկական երաժշտությունը յուրահատուկ են: «Մանսուրյանի, Բաբաջանյանի ստեղծած կինոերաժշտությունն ունկնդրելիս միշտ լսում ես Հայաստանի ոգին: Երբ լսում ես Նինո Ռոտայի՝ Ֆելինիի ֆիլմերի համար գրած երաժշտությունը, հասկանում ես, որ այն երբեմն զարմացնում է, որ այն գեղեցիկ է, սակայն հայկական երաժշտությունը մշտապես արտացոլում է հենց հայ մարդու ոգին, լսում ես հայ մարդկանց ձայնը: Այդպիսին է նաև Ազնավուրի երաժշտությունը»,- ընդգծեց երաժիշտը՝ հատվածներ կատարելով Մանսուրյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից:

Ըստ Ֆեդերիկո Մոնդելչիի՝ Ազնավուրին և Թարիվերդիևին կապում է այն, որ նրանք երաժշտություն են գրել և՛ ֆիլմերի համար, և՛ հեռուստատեսության:  Նա խոստովանեց, որ փոքր տարիքից է Ազնավուրի երկրպագուն եղել, անգամ երազել է սաքսոֆոնով կատարել նրա գործերը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն էլ շեշտեց, որ կարևոր են և՛ հոկտեմբերի 26-ի, և՛ հոկտեմբերի 28-ի համերգային ծրագրերը:  

Հոկտեմբերի 26-ի համերգի ծրագիրն ընտրել են Ֆեդերիկո Մոնդելչիի հետ՝ ներառելով Շառլ Ազնավուրի, Միքայել  Թարիվերդիևի, Նինո Ռոտայի գործերը: «Միշտ փորձում ենք որևէ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն ներկայացնել, իսկ Մոնդելչին ևս միշտ առաջարկում է կատարել հայ հեղինակների: Նա է իրականացրել  գործիքավորումը: Համերգին նախատեսվում են նաև անակնկալներ, որոնց մասին դեռ չենք ցանկանում խոսել. հնչելու են գործեր, որոնք ծրագրում ներառված չեն»,-տեղեկացրեց նա:

Անդրադառնալով հոկտեմբերի 28-ին կայանալիք համերգին՝ Բաբուրյանն ասաց, որ այն ևս կանցկացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ելույթ է ունենալու իտալացի ակորդեոնահար Սիմոնե Զանտինին: Համերգը նվիրված է Աստոր Պիացոլայի 100-ամյակին: Ներկայացվելու են բացառապես Պիացոլայի գործերը:

Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում մեր երկրում։ Նա մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի է համարում: Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]