1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գլխավոր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման հասնելն է. Վլադիմիր Պուտին

Գլխավոր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման հասնելն է. 
Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահն այդ մասին ասել է «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:

ՌԴ նախագահը նշել է, որ առաջին հերթին պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի քաղաքական իմաստությանը: «Ամեն դեպքում, չնայած տեղի ունեցած իրադարձությունների ողբերգական բնույթին, նրանց հաջողվեց վեր կանգնել այսրոպեական կոնյուկտուրային քաղաքականությունից և կայացնել շատ պատասխանատու որոշում: Ես գիտեմ, որ երկու երկրում էլ դժգոհություններ կան, նույնիսկ արտահայտություններ են արվում իրենց ղեկավարների հասցեին: Միշտ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից գոհ չեն կամ կարծում են, որ կարելի էր ավելի լավ անել: Բայց միշտ առաջ է գալիս պատասխան՝ փորձեք ավելի լավ անել: Ամեն դեպքում և վարչապետ Փաշինյանին, և նախագահ Ալիևին հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունը: Բայց խնդիրը նույնիսկ սրա մեջ չէ՝ չնայած չկա և չի կարող լինել ավելի կարևոր բան, քան մարդկային կյանքեր փրկելը: Այսպես, թե այնպես կա  մի կարևոր ասպեկտ՝ անհրաժեշտ է տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծել: Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները. երկու կողմերը պետք է գնահատեն նաև առավելությունները: Ցանկանում եմ սա ընդգծել՝ խաղաղ գոյակցության առավելությունը: Իսկ դրանում բոլորն են շահագրգռված: Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի կարողանա նորմալ կապ ունենալ Նախիջևանի հետ, և շահագրգռված է կոմունիկացիաների ապասառեցմամբ: Հայաստանի համար առաջնային խնդիր է արդյունավետ տնտեսական կյանքի հաստատումը, տարածաշրջանում փոխադարձ համագործակցությունը, այդ թվում՝ ապագայում Ադրբեջանի հետ: Սկզբունքորեն Հայաստանն այս ամենով շահագրգռված է: Ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց ժամանակակից բնույթ տալ»,- մանրամասնել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ այս ամենը պետք է հանգեցնի գլխավոր նպատակին՝ երկու պետությունների անվտանգ գոյակցությանը և տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծմանը: «Հնարավո՞ր է սա անել, թե ոչ: Հնարավոր է: Մենք արել ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի արյունահեղությունը դադարի, բայց ոչ միայն դա: Մեր խաղաղապահները պատվով կատարում են իրենց պարտքը: Արդեն ավելի քան 50 հազար փախստականներ վերադարձել են իրենց հարազատ վայրեր: Ընդհանուր առմամբ հաջողվում է հակամարտության գոտում իրավիճակը պահել այնպես, ինչպես կա: Լայնածվալ ռազմական գործողություններ չկան: Այո, ցավոք, միջադեպեր են լինում: Այո, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են զոհվում, բայց, հավանաբար, դժվար է պատկերացնել ամբողջովին կատարյալ պատկեր այդքան երկար տարիների դիմակայությունից հետո: Ամենակարևորը հիմա սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել: Այստեղ մեզ նույնիսկ, հավանաբար, որևէ մեկը պետք էլ չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից: Ինչո՞ւ: Կան շատ պարզ պրագմատիկ բաներ՝ քարտեզները, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Դրանք քարտեզներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները Խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի վրա հիմնվելով՝ անհրաժեշտ է հանգիստ նստել երկու կողմերի հետ, այստեղ հարցեր կան, որոնք պահանջում են փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հավասարեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի: Հասկանալի է, որ դա շահավետ է երկու կողմերի համար էլ: Կարելի է՞ դա անել, թե ոչ: Կարելի է: Բայց, իհարկե, մենք կողմնակից ենք նաև բազմակողմ ձևաչափ գտնելուն, այդ թվում՝ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելուն: Մենք դրա վրա աշխատում ենք, այդ թվում՝ մեր գործընկերների հետ»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ կարևորը գլխավոր նպատակին հասնելն է՝ անվտանգ իրավիճակի ստեղծմանը և ապագայում հարաբերությունների կառուցմանը դրական հեռանկարով: «Բայց առայժմ այն, ինչ մենք դրել ենք մեր առջև որպես նպատակ, ընդհանուր առմամբ կարողանում ենք իրականացնել: Եվ, իհարկե, անհրաժեշտ է ապագային նայել, տեսնել, թե ինչ կլինի: Չէ որ խնդիրը նրանում չէ, որ հայտարարության կետի համաձայն (խմբ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն) դիտարկվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայության ժամկետի երկարաձգումը: Միթե՞ խնդիրը դրանում է: Խնդիրը երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու մեջ է: Ահա թե որն է ամենագլխավորը: Եվ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի անել դա»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]