Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

IDBank-ը չորս ուսանողի հանձնեց 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ

IDBank-ը չորս ուսանողի հանձնեց 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի 
անվան կրթաթոշակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ը և Երևանի պետական համալսարանը հոկտեմբերի 20-ին ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ հանձնեցին համալսարանի չորս ուսանողի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ-ում անցկացված միջոցառման ընթացքում 400.000 ՀՀ դրամի չափով միանվագ կրթաթոշակի արժանացան Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Հակոբյանը, Աշխարհագրության ֆակուլտետի ուսանող Մուրադ Սողոյանը, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Արամ Բուղդարյանը և Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Սմբատ Ալեքսանյանը:

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը խոստովանեց՝ անասելի ցավ է պատճառում այն, որ 44-օրվա ընթացքում կորցրել ենք Գևորգ Արշակյանին և հայորդիների, որոնք լույս աշխարհ էին եկել ստեղծելու, արարելու, մեր երկիրը շենացնելու, ոչ թե զոհվելու համար:

«Գևորգն իր կարճ, բայց բովանդակալից կյանքի ընթացքում հասցրել էր շուրջն այնպիսի միջավայր ստեղծել, որ այսօր յուրաքանչյուր ուսանողի համար պատիվ է արժանանալ նրա անվան կրթաթոշակի: Նրա գործը շարունակելու, նրա երազանքների իրականացմանը մի փոքր նպաստելու համար IDBank-ը որոշեց հայտարարել ու սահմանել այս կրթաթոշակը»,-շեշտեց Վարդևանյանը:

Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ստացել էին 90 հայտ: Հանձնաժողովի անդամներն են եղել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը, IDBank-ի իրավաբանական վարչության դատաիրավական բաժնի ղեկավար Ռուբեն Մխիթարյանը և Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը:

Նրա հավաստիացմամբ՝ ընտրությունը բավականին բարդ է եղել, որովհետև բոլորն իսկապես արժանի են եղել կրթաթոշակին: «Հույս ունեմ, որ նրանք, ովքեր չեն ստանա կրթաթոշակ, ամենևին չեն հուսալքվի, այլ կշարունակեն կրկնակի եռանդով սովորել և արժանի լինել Գևորգի և մյուս նահատակների սխրանքին»,-ընդգծեց Վարդևանյանը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ չի ճանաչել Գևորգին, սակայն նրա մասին շատ է լսել, հետևել է Գևորգի գործունեությանը: «Նա եղել է իրական համալսարանական: Մենք միշտ հիշելու ենք մեր բոլոր ուսանողներին. նրանք հավերժ համալսարանականի կնիքն են կրում և մեր սրտերում են»,-ասաց Հովհաննիսյանն ու շնորհակալություն հայտնեց IDBank-ին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար:

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը ևս չի ճանաչել Գևորգ Արշակյանին: «Գևորգին նվիրված կարճ տեսանյութը բավական էր պատկերացում կազմելու մի լուսավոր, հրաշալի երիտասարդի մասին, որը 24 տարվա ընթացքում ապացուցել է, որ հայրենասեր էր, ընկերասեր, իր ժողովրդի և երկրի օրինակելի զավակն էր: Ավաղ, ունենք հազարավոր հերոսներ, որոնք իրենց օրինակով ցույց տվեցին, որ հայրենիքն աշխարհում ամենաթանկն է, որի համար պատրաստ են կյանքը զոհել»,-ասաց նա:

Անդրադառնալով կրթաթոշակին՝ Աբրահամյանը շեշտեց, որ նման ծրագիր են մշակել, քանի որ ուժեղ հայրենիք և պետություն ունենալու նախադրյալներից են համարում որակյալ կրթությունը և գիտելիքը: «Մեր Բանկը մշտապես կարևորել է կրթական ոլորտում իրականացվող ծրագրերն ու հատկապես պատերազմից հետո ջանքերն առավել է ուղղել այդ ուղղությամբ», - ընդգծեց Բանկի վարչության նախագահն ու հույս հայտնեց, որ նախաձեռնությունը կարող է վարակիչ լինել նաև այլ կազմակերպությունների համար, որոնք կաջակցեն ուսանողներին:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը Գևորգ Արշակյանին ճանաչել է 2016 թվականից, երբ ծառայությունից վերադարձել է և շարունակել կրթությունը: «Անհնար էր ակտիվ լինել և չճանաչել Գևորգին: Առաջին իսկ րոպեից մտերմություն ու ջերմություն զգացի, որովհետև նա բաց էր, անմիջական: Գևորգը կարողանում էր ուրախ միջավայր ստեղծել: Երբ նոր խմբով մեկնում էինք ինչ-որ տեղ, վստահ էինք, որ Գևորգն այնպես կանի, որ բոլորը հեշտությամբ մտերմանան: Նա բացառիկ հայրենասեր էր, որի նմանները քիչ են, բայց որի տեսակը մենք պետք է փայփայենք ու գևորգներով դաստիարակենք մեր սերունդներին: Նա վառ օրինակ է, որ մենք պետք է կրթվենք, լինենք հայրենասեր, օրինապաշտ քաղաքացի: Դուք չէիք տեսնի նրան կարմիր լույսի տակով անցնելիս, աղբը դեն նետելիս. դա Գևորգ առօրյան էր»,-պատմեց Ափոյանն ու շեշտեց, որ բոլորս պետք է անենք այն, ինչ չեն արել Գևորգն ու հերոսացած մյուս տղաները: Ըստ Ափոյանի՝ մենք սխալվելու ժամանակ չունենք և պետք է լծվենք հայրենաշինության, բանակաշինության, հայրենապահպանության գործին:

Միջոցառմանը ցուցադրվեց Գևորգ Արշակյանին նվիրված տեսաֆիլմ, որում նրա ուսանողական ընկերները, հարազատները նշում են, որ Գևորգը շատ լավ գիտեր Արցախի յուրաքանչյուր անկյուն: Ընկերները հիշում են նրան հպարտ կանգնած Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու առջև Շուշին գովերգելիս, քաղաք, որի պաշտպանությանը նա նվիրել է իր կյանքը: Համալսարանականները ասում են, որ նրան ճանաչել են բոլոր ուսանողները՝ ընդգծելով, որ Գևորգը տղա է, որը գերազանց երկու ֆակուլտետում է սովորում՝ Փիլիսոփայության և Իրավաբանության:

Ընկերների խոսքով՝ Գևորգը սեպտեմբերի 21-ը միշտ նշել է այնպես, ինչպես կնշեր իր ծննդյան տոնը: Նա սոցիալական ցանցերում իր ծննդյան օրը սեպտեմբերի 21-ին է նշել, շնորհավորանքները հպարտությամբ է ընդունել, հետո միայն բացահայտել, որ ինքն այդ օրը չի ծնվել: Ասել է, որ յուրաքանչյուր հայի գիտակցված ծնունդը սեպտեմբերի 21-ին է:

Մարդիկ, որոնք ծանոթացել են Գևորգի հետ, սկսել են հայրենասիրական երգեր լսել, հայրենասիրական գաղափարներ պաշտպանել: Նա վստահ է եղել, որ հայրենիքը սիրում են ճանաչելով, իսկ երկիրը՝ շենացնելով:

Հարցին, թե ինչպե՞ս է՝ Գևորգը միշտ պատասխանել է՝ ֆանտաստիկ: Այդպես է պատասխանել անգամ վիրավոր վիճակում:

IDBank-ը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն իր գործունեության մեջ, մշտապես առանձնակի ուշադրությամբ է մոտենում կրթական բաղադրիչին: Բացի տարատեսակ առանձին ծրագրերից՝  Բանկն իր ռազմավարական գործընկեր «Իդրամ» ընկերության հետ իրականացնում է «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը: Վերջինս ավելի քան մեկ տարի է՝ ուղղված է հասարակության առաջնահերթ խնդիրների լուծմանն ու հասարակության տարբեր շերտերի սոցիալական աջակցմանը: Ավելի քան մեկ տարում «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը տարբեր ծրագրերի և հասարակական կազմակերպությունների է ուղղել ավելի քան 40 մլն ՀՀ դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]