Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Հակաօդային պաշտպանության միջոցները կօգտագործվեն կառավարության սահմանած կարգով. նախագիծը հավանություն ստացավ

Հակաօդային պաշտպանության միջոցները կօգտագործվեն կառավարության սահմանած 
կարգով. նախագիծը հավանություն ստացավ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենքում ֆիքսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության սահմանած կարգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» կետը, ըստ որի հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ այլ թռչող սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,- ասաց փոխնախարարը:

Այսպիսով, լրացման արդյունքում նախատեսվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառմամբ ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը պարզաբանեց՝ օրենքով նախատեսված է, որ սահմանի խախտման դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերն իրավունք ունեն կիրառել հակաօդային պաշտպանության միջոցներ, սակայն այդ միջոցների կիրառման կարգը սահմանված չէ: «Կարելի է ասել, որ 2001-ին ընդունված այս օրենքում սա ուղղակի իրավական բացթողում է եղել, և չի սահմանվել, որ կառավարությունը լիազորություն ունի հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգ սահմանել»,- ասաց նա ու հավելեց՝ պետք է օրենքում փոփոխություն կատարել և լիազորել կառավարությանը, որ այդ կարգը սահմանի, թե ինչ զինատեսակներ են կիրառվելու, ինչպես և ինչ կարգով: 

«Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ հիմա կառավարության որոշմամբ կանոնակարգելու են այն, ինչը մինչև այս պահը փաստացի արվել է:

Արման Սարգսյանը նշեց, որ մինչև այժմ կարգ սահմանված չէ, թե նման իրավիճակներում ինչ գործողություններ պետք է իրականացվեն, որ պետական կառավարման մարմինները պետք է միմյանց հետ աշխատեն, ով պետք է հրաման տա և այլն: «Սրանով կառավարությունը լիազորվում է, որ կարգ մշակի այդ ընթացակարգերն ավելի հստակեցնելու համար»,- ասաց նա:

«Հայաստան»-ից Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ քանի փոխնախարարը պատգամավորներից շատերի հարցադրումներին չի տվել կոնկրետ հստակ պատասխաններ, իրենք այդ նախագծի քվեարկությանը չեն մասնակցի՝ թեև նախագծի հետ կապված հարց չունեն:  Նախագիծը, այնուամենայնիվ, քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]