Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների 
տնօրենների հավաստագրման կարգը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Կարգի մշակման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը

 Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրների ստեղծման հիմնական նախադրյալ է հանդիսանում տնօրենների մասնագիտական և ղեկավարման հմտությունների բացակայությունը, որը էական և շարունակական ազդեցություն է  ունենում հաստատության բնականոն գործունեության խաթարման վրա: Ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակումն իրականացվում է առանձին համայնքների սահմանած կարգով, մինչդեռ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին մասնակցելու համար կարող է դիմել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված չափանիշները բավարարող անձը:

Հետևաբար, տվյալ բնագավառը կարգավորելու և միասնական քաղաքականություն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել համապատասխան կարգ, որի գործարկման արդյունքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդները հնարավորություն կունենան վերապատրաստվելու, ինչը վերջիններիս հնարավորություն կտա տիրապետելու կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերին և ծանոթանալու ոլորտի նորարարություններին: Բացի դրանից՝ մանկավարժական անձնակազմի մեջ համագործակցային աշխատաոճի սերմանումը կնպաստի  կրթական գործընթացի բարելավմանը և արդիականացմանը, կապահովվի որակյալ կադրերի առկայություն՝ ազդելով կրթական արդյունքի վրա:

Վերապատրաստում

Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` ԿԳՄՍ նախարարության սահմանած ժամանակացույցին համապատասխան: Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է սահմանվում 2023 թվականի դեկտեմբերի 25-ը: Վերապատրաստող կազմակերպություններն ընտրում և երաշխավորում է նախարարությունը՝ սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:

Վերապատրաստվող անձն ազատ է նախարարության կողմից երաշխավորված (մրցույթում հաղթող ճանաչված) կազմակերպությունների ցանկից վերապատրաստող կազմակերպության ընտրության հարցում: Վերապատրաստումն անցկացվում է նախարարության հաստատած քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակությանը և հարցաշարին համապատասխան: Անձը ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայական, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով:

Հավաստագրում

Հավաստագիրը պարտադիր փաստաթուղթ է՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու, նշանակվելու կամ ընտրվելու համար՝ անկախ հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից: Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը սահմանված կարգով մասնակցել է վերապատրաստման դասընթացին:

Հավաստագրումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ` ըստ նախարարության հաստատած ժամանակացույցի: Հավաստագրման գործընթացն իրականացնում է համապատասխան աշխատանքային խումբը: Հավաստագրումը բաղկացած է հետևյալ փուլերից՝  փաստաթղթերի փաթեթի ընդունում, ուսումնասիրում, թեստավորում, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում հինգ տարի ժամկետով։

Թեստավորում

Թեստավորման հարցաշարը պետք է համապատասխանի վերապատրաստման բովանդակային բաղադրիչների և տնօրենի պաշտոնի նկարագրի պահանջներին: Թեստավորման հարցաշարի բովանդակային բաղադրիչները բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` կրթության բնագավառի օրենսդրություն՝ 45%, կառավարչական գիտելիքների տիրապետում՝ 35%, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում՝ 20%: Թեստավորումն անցկացվում է ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով նախարարության ստեղծած էլեկտրոնային համակարգի միջոցով։ Քննությունը հաղթահարելու համար հավակնորդի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն 90 տոկոս:

Վերապատրաստված, քննությանը մասնակցած և աշխատանքային խմբի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման ենթակա հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր» հինգ տարի ժամկետով:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հոկտեմբերի 29-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]