Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Տրանսպորտի բնագավառի վերահսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ. շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ

Տրանսպորտի բնագավառի վերահսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ. 
շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմը ներկայացրել է օրենսդրական փաթեթ, ըստ որի, առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի ապահովել տրանսպորտի բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ, անխափան և բնականոն գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օրենքների նախագծերը ներկայացված են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում: Մասնավորապես, նախատեսվում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին օժտել համապատասխան գործիքակազմով, որով վերջինս հնարավորություն կունենա պատշաճ վերահսկողություն իրականացնել նաև այն կարգավորումների նկատմամբ, որոնք ներկայիս գործիքակազմով հնարավոր չէ պատշաճ վերահսկողություն իրականացնել:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է հստակեցնել տրանսպորտի բնագավառի վերահսկողության ուղղությունները և վերահսկողության ենթակա ընդհանուր պահանջների շարքը, սահմանել նոր վերահսկողության ձևը՝ դիտարկումը, որով տեսչական մարմինը հնարավորություն կունենա վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ: Նշվում է, որ այն իրականացվելու է առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման:

Դիտարկման շրջանակներում հնարավորություն կընձեռվի հսկիչ կետերի միջոցով վերահսկողություն իրականացնել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների նկատմամբ:

Դրանից բացի, դիտարկման շրջանակներում տեսչական մարմնին նախատեսվում է վերապահել լիազորություն տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, ինչպես նաև սահմանել սահմանային վերահսկողության կազմակերպմանը վերաբերող կարգավորումներ:

 Ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելու լիազորությունը վերապահելու շրջանակներում նախատեսված է սահմանել նաև համազգեստ կրելու պահանջ, ինչպես նաև ծառայողական ռազմամթերք, ձեռնաշղթա (հատուկ միջոցներ) կրելու  հնարավորություն և երկաթուղային տրանսպորտի օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը վերապահել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառի վերահսկողության մասով հստակ և համապարփակ կարգավորումներ առկա չեն: Պատշաճ կերպով հնարավոր չէ իրականացնել, օրինակ՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների, բեռնատար փոխադրումների վերահսկողությունը: Այսինքն՝ միջազգային պայմանագրերով և օրենսդրությամբ սահմանված են այնպիսի կարգավորումներ, որոնց նկատմամբ վերահսկողությունը օրենսդրությամբ օժտված ներկայիս գործիքակազմով պատշաճ իրականացնել հնարավոր չէ: Այդպիսիք են՝ ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումները, միջպետական փոխադրումներ իրականացնող տրասնպորտային միջոցներում տախոգրաֆի առկայության պահանջը, միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս ուղևորների թվի սահմանափակումը, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջներ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]