Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

«Հիշատակի ղողանջներ». 44-օրյա պատերազմում զոհված եզդի քաջորդիների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ անցկացվեց

«Հիշատակի ղողանջներ». 44-օրյա պատերազմում զոհված եզդի քաջորդիների 
հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ անցկացվեց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված եզդի հերոսների անունները ևս մեկ անգամ բարձրաձայնելու, նրանց սխրագործությունների մասին խոսելու նպատակով հոկտեմբերի 18-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում հուշ-ցերեկույթ կազմակերպվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մեդալներով և պատվոգրերով հետմահու պարգևատրվեցին 44-օրյա պատերազմում ընկած մի շարք եզդի զինծառայողներ և հոգևորականներ:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի, Հայկ Մանուկյանի

Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանի անվան հուշամեդալով պարգևատրվեցին եզդի ժողովրդի մի շարք քաջարի զավակներ, որոնք իրենց լուման ու նպաստն են բերում եզդի ժողովրդի անվան պահպանման ու զարգացման գործում:

Եզդի ժողովրդին մատուցած ծառայությունների համար պարգևատրվեց եզդի ժողովրդի բարեկամ, պատմական գիտությունների թեկնածու, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Այն տղաները, որոնց վառ հիշատակն այսօր ոգեկոչում ենք, Ուսուբ Բեկի, Ջանգիր աղայի սերունդն են բառի ամենալավ իմաստով, Հայաստանի պետականությունը կրողներն են, տղաներ են, որոնք ո՛չ եռագույնի, ո՛չ էլ եզդիական ազգային դրոշի գույները չարատավորեցին, այլ իրենց արյամբ այդ գույները հարստացրին ու դրոշները բարձր պահեցին»,-շեշտեց Անանյանը:

Նրա խոսքով՝ 44 օրը բոլորի համար էր բարդ. տղաները մարտի դաշտում էին, և լրատվական ճակատում ևս արվում էր ամեն ինչ, որ պատերազմն օր առաջ ավարտվի: «Պատերազմի գինը ցավոտ է, ծանր… եթե հետահայաց ենք անում, տեսնում ենք, որ հսկայական զոհողության գնով մենք չպարտվեցինք, որովհետև այսօր կա Արցախ, այնտեղ ապրում են, և հակառակորդը չհասավ իր նպատակին. որքան էլ ծանր էր, ոչ ոք մեր մեջքը չկոտրեց: Միայն տղաները չեն հերոս, այլև մայրերն ու հայրերը: Խոնարհվում ենք ձեր հերոսության առաջ: Համարեք, որ ձեր եղբայրն ու որդին էլ մենք ենք և պետք է վառ պահենք տղաների հիշատակը, անենք հնարավորը, որ որքան բարձր եղել են մեր դրոշները, այնքան բարձր էլ մնան»,-ընդգծեց Արամ Անանյանը:

Եզդիական համայնքի առաջնորդ Խդր Հաջոյանն ասաց, որ յուրաքանչյուրս պետք է գիտակցի՝ տղաներն իսկապես չեն պարտվել. նրանք հերոս են եղել, նրանք կան ու կլինեն, քանի դեռ մենք կանք, հիշում ենք նրանց անուններն ու արտաբերում: «Նրանց շնորհիվ է, որ ապրում ենք անամպ երկնքի տակ, նրանց շնորհիվ ենք ստացել մեր սուրբ ժառանգությունը, որը պետք է պահպանենք ու փոխանցենք  սերունդներին: Մեր հերոսները կան ու կլինեն, և ես խոնարհվում եմ նրանց վառ հիշատակի առջև»,-նշեց Հաջոյանը:

«Գթության մայր» միջազգային միության նախագահ Լիլիթ Չիբուխչյանն էլ խոստովանեց, որ նման միջոցառումների ժամանակ դժվար է խոսել: «Հայաստանը թե՛ եզդի, թե՛ հայ եղբայրների հայրենիքն է: Զոհված տղաները նաև մեր երեխաներն են, եթե այդպես չլիներ մեզանից ոչ մեկ այստեղ չէր լինի, մարդիկ, որոնք մեր հերոսների անունները փառաբանում են և հաստատում են նրանց ողջ լինելը: Այո՛, մեզ համար նրանք միշտ ողջ են»,- ասաց Չիբուխչյանն ու հավելեց, որ դժվարանում է սատարել զոհվածների ծնողներին՝ ասելով, որ կարող են հպարտ լինել, քանի որ հերոս որդիներ ունեն: Ըստ Չիբուխչյանի՝ յուրաքանչյուր մոր համար կարևոր է, որ իր զավակն ապրի, քան հերոս լինի:

Նա հորդորեց որդեկորույս մայրերին լինել ուժեղ, ամուր:

Միջոցառմանը, որին ներկա էին զոհվածների մայրերը, հարազատները, զինակից ընկերները, զինվորականներ ու պաշտոնյաներ, երաժշտական համարներով հանդես եկան Սաթենիկ Ափոյանը, Վանուհի Մելքոնյանը, Աշոտ Մատինյանը և այլք, ցուցադրվեցին պատերազմում զոհվածներին նվիրված հոլովակներ, տեսաֆիլմեր:

Նախաձեռնությունն իրականացրեց «Գթության մայր» միջազգային միությունը՝ համագործակցելով Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]