Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Համազգային թատրոնի նոր թատերաշրջանն առանձնանում է պրեմիերայով, հյուրախաղերով

Համազգային թատրոնի նոր թատերաշրջանն առանձնանում է պրեմիերայով, 
հյուրախաղերով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը թատերաշրջանի 30-ամյակի առիթով ակնկալում է նվեր՝ ներկայացումներ խաղալ նոր պայմաններում, նոր շենքում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշեց, որ երկար տարիներ ձգձգված շենքի կառուցման աշխատանքներում, կարծես, թե դրական տեղաշարժ կա:

«Կարծում ենք, որ մեր այդ շատ մեծ ցանկությունը կլինի, որովհետև որոշակի նշույլներ երևում են: Եթե ոչ թատերաշրջանի 30-ամյակի, ապա հույս ունենք, որ 31-ամյակի շրջանակում այդքան երկար սպասված շենքն, ամբողջությամբ պատրաստ կունենանք»,-ասաց Արման Նավասարդյանը:

Թատրոնի տնօրենը տեղեկացրեց, որ նոր շենքի շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են: Թատրոնն ուներ նաև տեխնիկական վերազինման խնդիր : «Մեզ կառավարությունը խոստացել է, որ ամեն ինչ կանեն այս տարի և հաջորդ տարվա ընթացքում ունենալ անհրաժեշտ հատկացումները, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել գոնե տեխնիկական վերազինման հարցը»,-ասաց Արման Նավասարդյանը:

Մինչ շենքի հետ կապված հարցերը կարգավորում են, թատրոնը շարունակում է բուռն օրակարգով աշխատել՝ փառատոններ, հյուրախաղեր, նոր ներկայացումներ: Թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ նոր է վերադարձել Վլադիվոստոկում կայացած Խաղաղօվկիանոսյան միջազգային փառատոնից, որտեղ մեծ արձագանքի է արժանացել: Փառատոնի մասնակցության արդյունքները ոգևորիչ էին և շոշափելի:  Մանրամասնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

«Նախ եղան վարպետաց դասեր, որոնց եկել էին մասնակցելու ամենատարբեր քաղաքներից: Այնուհետև խաղացինք «Փափլիկը» ներկայացումը, և մենք շատ հիացական գնահատականներ ստացանք: Ունեցանք համագործակցության առաջարկ, որը ենթադրում է մեծ միջազգային նախագիծը, որի շրջանակում կբեմադրվի ներկայացում տարբեր երկրների,այդ թվում Հայաստանի մասնագետների մասնակցությամբ»,-ասաց Նարինե Գրիգորյանը:

Թատրոնը ակտիվ հյուրախաղերի մեջ է Հայաստանում ու Արցախում: Այդ տեմպով աշխատանքները շարունակելու են մինչև տարեվերջ: Ընթացքում Համազգային թատրոնի խաղացանկը համալրվելու է նոր ներկայացումներով:

«Առջևում ունենք պրեմիերա, Օ. Հենրիի նովելների հիման վրա  «…և նորից գարուն» ներկայացումն է, որը հանդիսատեսին կներկայացվի հոկտեմբերի 29-ին և 30-ին: Այս ներկայացման մեջ կա հատկանշական բան, որ նորից գարուն է լինելու թե երկրի, թե մեր ներքին հոգեվիճակի առումով: Այս ներկայացման մեջ հոգու գեղեցկության, անձնազոհության, սիրո մասին ենք պատմում, որպեսզի հանդիսատեսի հոգին թրթռա, նորից ապրելու ցանկությունից իրար լավագույնը տանք, իրարով ապրենք»,-ասաց Նարինե Գրիգորյանը: Ներկայացման մեջ ընդգրկված է թատրոնի երիտասարդական կազմը: Առջևում թատերականացված ընթերցանություններն են, «Գծավորը» ամանորյա մանկական ներկայացումը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]