Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Նոր գիրք»-32/21. Եղիշե, Կալվինո, Ինգրամ  

«Նոր գիրք»-32/21. Եղիշե, Կալվինո, Ինգրամ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած նորությունները: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին տարբեր հրատարակչությունների լույս ընծայած երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ հեղինակ
Եղիշե, «Վարդանանք. Վարդանի և հայոց պատերազմի մասին» 

«Ինքնություն» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում «Վարդանանք. Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությունը։ Ոսկեդարի հայ պատմիչ Եղիշեի հռչակավոր այս երկը բովանդակում է Ավարայրի պատմությունը՝ պատճառները, ընթացքը և հետևանքը։ Եղիշե վարդապետի գիրքը ցույց է տալիս ժամանակի հայոց իշխանական ու եկեղեցական դասի և պարզ ժողովրդի անձնուրաց նվիրումն իրենց հավատքին ու հայրենիքին, հանուն հոգևոր փրկության՝ նրանց արհամարհանքը ֆիզիկական մահվան և անթիվ չարչարանքների նկատմամբ։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

 

Թարգմանական գրականություն
Իտալո Կալվինո, «Երկատված վիկոնտը»

1952-ին լույս տեսած «Երկատված վիկոնտը» վեպը սկիզբ է դրել Իտալո Կալվինոյի «Մեր նախնիները» նշանավոր եռագրությանը, որի երկրորդ գիրքը՝ «Ծառաբնակ բարոնը», արդեն թարգմանված է հայերեն: XVII դարում թուրքերի հետ կռվելիս թնդանոթի արկից բառացիորեն կիսված, բայց ողջ մնացած վիկոնտի զարմանահրաշ պատմությունը, որտեղ գրողը վարպետորեն միահյուսել է առակաբանությունն ու ֆանտաստիկ սյուժեն, մարդու նկարագիրը և, մասնավորապես, անձի երկակիության թեման ներկայացնում է սիմվոլիկ-այլաբանական պատկերմամբ, փիլիսոփայական խորքով ու հումորով: Թարգմանությունն իտալերենից ՝ Բագրատ Ավետիսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

 

Փաստավավերագրական գրականություն
Քեթրին Ինգրամ, «Այսպիսին է Ուորհոլը» 

Ամերիկացի նկարիչ, պատկերազարդող, կինոռեժիսոր, պրոդյուսեր, նոր վիզուալ արվեստի՝ փոփ արվեստի շարժման առաջատար Էնդի Ուորհոլն ամենահակասական ու ամենաազդեցիկ արվեստագետներից մեկն է։ Ուորհոլի պարզ, բայց և հանդուգն աշխատանքները ոչ միայն սկիզբ դրեցին արվեստի մեջ նոր ուղղության, այլև դարձան ԱՄՆ-ի ամենաճանաչելի խորհրդանիշերից։ Գրքում ներկայացվում են արվեստագետի կյանքի ամենակարևոր դրվագները, որոնք նաև կանխորոշել են նրա հայացքներն ու ճաշակը՝ մանկությունը Մեծ դեպրեսիայի տարիներին, ներգաղթյալի աղքատ կյանքը, նկարչությամբ զբաղվող մայրը, Նյու Յորք տեղափոխվելը, հանդիպումը ժամանակի հայտնի արվեստագետների հետ և այլն։ Արվեստագերի աշխատանքներին անդրադառնալով՝ գրքում փորձ է արվում հասկանալու, թե ով է Ուորհոլը, ում ստեղծագործական կյանքի հետ են կապված մեր օրերում սովորական դարձած կոմերցիոն արվեստ, բրենդ, գովազդ հասկացությունները։ Թարգմանությունն անգլերենից` Լուսինե Հայրապետյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]