1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օտարերկրացիները ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն կստանան պարզեցված ընթացակարգով. մանրամասնում է Արմեն Ղազարյանը

Օտարերկրացիները ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն կստանան պարզեցված 
ընթացակարգով. մանրամասնում է Արմեն Ղազարյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համակարգը բարեփոխվում է: Նոր նախագծով առաջարկվում է պարզեցնել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը: Ներկայացնելով նախագծի մանրամասները՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:

-Ի՞նչն առիթ հանդիսացավ նման նախաձեռնությամբ հանդես գալու և ի՞նչ խնդիր է այն լուծում: 

-Օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համակարգի բարեփոխումների ուղղությամբ աշխատանքը տարվում է արդեն 2 տարի: Այն բավական ծավալուն օրենսդրական և տեխնիկական փոփոխություններ է ենթադրում ու ներկայում այդ փոփոխություններն ընթացքի մեջ են: Ազգային ժողովն այս տարվա ամռանն ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները: Օտարերկրացիների մասին օրենքում, Աշխատանքային օրենսգրքում, Պետական տուրքի մասին օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:  Ենթադրվում է համակարգի ամբողջական թվայնացում և վարչարարության պարզեցում: Սրանք, թերևս, հիմնական փոփոխություններն են: 

-Եթե կարելի է մի քանի օրինակով կնշեք, թե գործող ընթացակարգերով ի՞նչ ունենք և հունվարի 1-ից ինչ փոփոխություններ են սպասվում:

-Ներկայում գործընթացն իրականացվում է հետևյալ տրամաբանությամբ: Գործատուն, օտարերկրացի աշխատող ներգրավելու համար, դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ստանում է աշխատանքի թույլտվություն օտարերկրացու համար, այնուհետև օտարերկրացին գալիս է, անձամբ դիմում է ոստիկանություն և ստանում է ժամանակավոր կացության կարգավիճակ: Ըստ էության, մենք ունենք երկու տարբերվող պրոցեսներ, որոնք մեկ շղթայի մաս են: Հիմա ինչ ենք առաջարկում, այս շղթան ամբողջությամբ տեղափոխում ենք թվային հարթակ և սինխրոնիզացնում ենք: Օտարերկրացին այսուհետ ստանալու է մեկ փաստաթուղթ, այն է՝ ժամանակավոր կացության կարգավիճակ՝ աշխատանքի հիմքով: Հարթակում գործատուն լրացնելու է աշխատանքի նկարագիրը, որին համապատասխան, եթե կա Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշխատող, ապա աշխատանքի հարցերի լիազոր մարմինն առաջարկելու է գործատուին նրա թեկնածությունը: Եթե գործատուն համաձայնվում է, ապա գործընթացը դրանով ավարտվում է, և աշխատանքի է անցնում ՀՀ քաղաքացին: Եթե չի համաձայնվում ու օտարերկրացին պետք է ներգրավվի, ուրեմն համապատասխան հարթակում լրացվում են օտարերկրացու տվյալները, իրականացվում են բոլոր անհրաժեշտ անվտանգային ստուգումները և դրանից հետո նա կարող է գալ և ստանալ իր ժամանակավոր կացության քարտը աշխատանքի թույլտվության հիմքով:     

-Ես ճի՞շտ եմ հասկանում, առաջարկվող փոփոխություններն ուղղված են և՛ գործատուներին, և՛ օտարերկրացիներին, որոնք ցանկանում են աշխատել Հայաստանում:

-Անշուշտ մի մասով բարեփոխումները դյուրացնում են վարչարարությունը, կրճատում են ժամկետները գործատուների համար, մյուս մասով էլ դյուրացվում է վարչարարությունը հենց օտարերկրացիների համար: Ընդհանուր առմամբ և՛ գործատուների, և՛  օտարերկրացիների մասով պետական մարմինների հետ մեկ անգամ շփման անհրաժեշտություն է առաջանալու: Այն է, երբ օտարերկրացին վերջում, դրական որոշման պարագայում գալու է և ստանալու է իր ժամանակավոր կացության քարտը:

Հարցազրույցն առավել մանրամասն՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]