1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մայրի՛կ, հետազոտվիր, որ լինես առողջ». Երևանում անցկացվեց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման միջոցառում

«Մայրի՛կ, հետազոտվիր, որ լինես առողջ». Երևանում անցկացվեց կրծքագեղձի 
քաղցկեղի իրազեկման միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ բարձրացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին Շառլ Ազնավուրի հրապարակում խնդրի իրազեկմանը նվիրված «Մայրի՛կ, հետազոտվիր, որ լինես առողջ» խորագրով միջոցառում անցկացվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեծ էկրանին ցուցադրվեցին կրծքագեղձի քաղցկեղի, դրա վաղ ախտորոշման կարևորության մասին տեսաձայնագրություններ, ելույթ ունեցան մի շարք պարային խմբեր, իսկ հիվանդությունը հաղթահարած մարդիկ կանանց հորդորեցին պարբերաբար հետազոտվել՝ խնդրից խուսափելու համար:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նման նախաձեռնությամբ ցանկանում են ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչքան կարևոր է ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի շարք ուղեցույցներ, ծրագրեր, միջազգային շարժումներ է մեկնարկել, որպեսզի ամբողջ աշխարհով կանանց կյանքն ընդհատող, նրանց կյանքի որակի վրա վատ ազդեցություն ունեցող հիվանդության  դեմ պայքարի միջոցներ հնարի: Բժշկագիտության զարգացմանը զուգընթաց մենք տեսնում ենք, որ հիվանդության վաղ հայտնաբերումը թույլ է տալիս հնարավորինս խնայող  բժշկական միջամտություններ կիրառել  և  վերադառնալ կյանք, ընտանիք, ունենալ երեխաներ, պահպանել առողջությունը»,-շեշտեց նա:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ մի շարք նոր ծրագրեր են  մեկնարկել, որոնք օգնում են կրծքագեղձի քաղցկեղի թե՛ վաղ հայտնաբերմանը, թե՛ բուժման համար դիմելու աճին:   «Հայաստանի երեք մարզում իրականացվում են սքրինինգային ծրագրեր: Վանաձորում վեց ամսից ավելի կանգնած էր շարժական մամոգրաֆիկ կենտրոնը, որտեղ  հետազոտվել է 5530 կին, ինչը բավականին լավ ցուցանիշ է: Այժմ քաղաքացիները գիտեն՝ եթե ունենան վիրաբուժական միջամտության կարիք, ապա պետական պատվերով կարող են դա անել»,-տեղեկացրեց նախարարը:

ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության գծով խորհրդատու, գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոկչյանն էլ նշեց, որ 2019 թվականից վիրահատություններն անվճար են ՀՀ բոլոր հիվանդանոցներում, որոնք ունեն ուռուցքաբանական լիցենզավորում: «Ճառագայթային թերապիան ևս անվճար է  ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այն քայլերը, որոնք կատարվել են 2019-ից ի վեր բժիշկներիս օգնում են, որ կարողանանք առավել լիարժեք բուժել մեր հիվանդներին: Եթե քաղցկեղը հայտնաբերում են առաջին փուլում, այն 97 կամ 98 տոկոսով հնարավոր է բուժել»,-եզրափակեց Գյոկչյանը:

1993 թվականին Առողջապահության համաշխարհային  կազմակերպությունը հոկտեմբերը հայտարարել է կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման ամիսն: Այդ ամսին աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են իրազեկման միջոցառումներ, որոնց միջոցով կոչ են անում կանանց պարբերաբար հետազոտվել, ժամանակին հայտնաբերել հիվանդությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]