Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Դիտարկվել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին ՀՀ 3-րդ ազգային զեկույցը

Դիտարկվել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային 
դաշնագրի իրականացման մասին ՀՀ 3-րդ ազգային զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 133-րդ նստաշրջանի ընթացքում՝ հոկտեմբերի 14-ին և 15-ին տեղի է ունեցել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR) իրականացման վերաբերյալ ՀՀ երրորդ ազգային զեկույցի առցանց դիտարկումը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ներկայացնելով իր հերթական ազգային զեկույցը` Հայաստանը վերահաստատել է Դաշնագրով ստանձնած պարտականությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։

«Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որը ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, պատասխանեց Դաշնագրի դրույթների իրականացումը վերահսկող մարմնի՝ ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի փորձագետների բազմաթիվ հարցադրումներին:  

Մարդու իրավունքների կոմիտեի անդամների հետ կառուցողական երկխոսության ընթացքում անդրադարձ արվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, կյանքի իրավունքին, խոշտանգումների արգելքին, բռնության և խտրականության ցանկացած դրսևորումների դեմ մեր երկրում իրականացվող քաղաքականությանը և դրանից բխող ծրագրերին: Խոսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին (Դաշնագրի հոդված առաջին)՝ ՀՀ պատվիրակության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից 2020թ․ ԼՂ ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի վրա, որն ըստ էության ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքի հանդեպ ոտնձգությունն էր: Կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվեց նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության խնդրին և անդրադարձ արվեց հումանիտար կազմակերպությունների մուտքը խոչընդոտելու Ադրբեջանի փորձերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին զեկուցվել է Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների մասին, որոնք ուղղված են մարդու իրավունքների ապահովմանը, դրանց շարքում նշելով ազատ ընտրությունների անցկացումը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, պայքարը կոռուպցիայի դեմ: Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը շարունակելու ջանքերը՝ ուղղված կանանց իրավունքների, հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանը, ապահովելով նաև գենդերային հավասարության քաղաքականության հետևողական իրականացումը: 

«Հայաստանը վերահաստատեց ազգային, ռասայական, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և նրանց խնդիրների հաղթահարմանն ուղղված քաղաքականությանը:  

Այս տարի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR) իրականացման մասին ազգային զեկույցի դիտարկումն իրականացվեց Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ պետության կարգավիճակով»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելոլով, որ Հայաստանի զեկույցի դիտարկումը հեռարձակվել է UN WebTV ալիքով: Կոմիտեի կողմից զեկույցի քննարկումն ու եզրափակիչ դիտարկումների (Concluding observations) ընդունումը տեղի կունենա փակ նիստում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]