1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը կանցնի Երևանում և Գյումրիում

Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը կանցնի Երևանում և 
Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-19-ին Հայաստանի խոշորագույն քաղաքներում կանցկացվի հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը, որը ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում կարևոր միջոցառում է: Ֆորումի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարությունը և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Հոկտեմբերի 18-ին ֆորումի շրջանակներում կանցնի 5 կլոր սեղան ռուսաստանցի և հայ պետական գործիչների, քաղաքական գործիչների, հասարակական ակտիվիստների, գիտնականների և փորձագետների մասնակցությամբ: Առաջին կլոր սեղանը նվիրված կլինի Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին եվրասիական ինտեգրման գործընթացում:

Երկրորդ կլոր սեղանը կուսումնասիրի համատեղ ծրագրերի իրականացման մեջ արդյունաբերական կլաստերների ներուժի հարցերը:

Երրորդ կլոր սեղանը նվիրված կլինի մշակութային-պատմական զբոսաշրջության զարգացմանը:

Չորրորդ կլոր սեղանն անվանված է «Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանները. համագործակցության երիտասարդական և կրթական չափումը»:

Եվ հինգերորդ կլոր սեղանը նվիրված կլինի հետհամավարակային շրջանում միջտարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցության զարգացմանը:

Ֆորումի շրջանակներում տեղի կունենան երկու երկրների ընկերությունների ներկայացուցիչների գործարար բանակցություններ և այլ գործարար հանդիպումներ:

Կարևոր է, որ նախատեսված են հետաքրքիր հանդիպումներ այս մեծածավալ միջոցառման նաև այլ հարթակներում՝ Հայաստանի բուհերում և դպրոցներում: Այսպես, Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա դիզայն-նստաշրջան «Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդական դիվանագիտության նախագծում» թեմայով:

Երևանի պետական համալսարանում այդ օրը կաշխատի «ՍԹԱՐԹ-up» անհատականության աճի թրեքինգ-լաբորատորիան: Սիլվա Կապուտիկյանի անվան երևանյան թիվ 145 դպրոցում, Գյումրիի թիվ 30 և 38 դպրոցներում կաշխատի «Աշխարհում ռուսաց լեզվի դեսպաններ» միջազգային կամավորական ծրագրի կրթական-լուսավորչական արշավախումբը:

Հոկտեմբերի 19-ին կշարունակվեն տարբեր միջոցառումներ, ինչպես նաև՝ գործարար բանակցությունները ռուսաստանյան և հայկական ընկերությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Երևանի պետական համալսարանում տեղի կունենա գիտամեթոդական սեմինար ռուսագետ-մանկավարժների համար «Լեզուն և թվայնացումը. ռուսաց լեզվի, իբրև օտար լեզվի, դասավանդման արդիական մեթոդներ» խորագրով:

Այդ նույն օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ութերորդ ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումի լիագումար (պլենար) նիստը:

Ֆորումի շրջանակներում նախատեսվող որոշ միջոցառումներ տեղի կունենան նաև 2021թ. հոկտեմբերի 20-ին: Հետաքրքիր է, որ ֆորումը վերսկսում է իր աշխատանքը որոշ ընդմիջումից հետո, որը կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Այս ֆորումի աշխատանքին կմասնակցեն ռուսաստանյան տարածաշրջանների մեծաթիվ ներկայացուցիչներ:

Ընդհանրապես, այս ֆորումը Երևանում և Գյումրիում կընդգրկի աննախադեպ մեծ թվով ռուսաստանյան և հայաստանյան մասնակիցներ: Ֆորումը կոչված է ներդրում ունենալու հայ-ռուսաստանյան բազմաճյուղ համագործակցության խորացման և ամրապնդման գործում և, մասնավորապես, Ռուսաստանի և նրա տարածաշրջանների կապերը Հայաստանի և նրա տարածաշրջանների հետ ամրապնդելու մեջ: 

Արամ Սաֆարյան 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]