Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազդարարվեց Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը

Ազդարարվեց Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքների 
պաշտոնական մեկնարկը

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում հոկտեմբերի 14-ին ազդարարվեց  Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի (ТUF) Գյումրու զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը, «Քաղաքաշինություն և զբոսաշրջություն» (ТUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը,  Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ սմարթ լուծումներ առաջարկող այգու ծրագիրն իրականացնում է «Քաղաքաշինություն և զբոսաշրջություն» (ТUF) բարեգործական հիմնադրամը:  Հիմնադրամը 2020 թվականի հուլիսին նախաձեռնեց  Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը:

Որպես խորհրդանիշ աշխատանքների մեկնարկի՝ ներկաներն այգու տարածքում տեղադրեցին զբոսայգու շինարարության մեկնարկն ազդարարող արխիվային թղթադրամ, ապա կարճ շրջայց այգու տարածքում կոնցեպտուալ նախագծի հեղինակների և նախագծում մասնակցություն ունեցող համայնքի երիտասարդների ուղեկցությամբ:

«Ուրախ եմ, որ նման մեծ նախագծի սկիզբն ենք դնում: Ուրախ եմ, որ կառավարություն, համայնք ու Համաշխարհային բանկ համագործակցության արդյունքում կունենանք հրաշալի միջավայր Գյումրիում: Այս նպատակին քաղաքը հատկացրել է 7,2 հեկտար: Կունենանք շատ գեղեցիկ այգի»,- ողջունելով շինարարական աշխատանքների մեկնարկը՝ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ վստահեցնելով, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի թղթի վրա եղած գեղեցիկ պատկերը դառնա իրականություն:

 «Այս նախագիծը շատ փոխվեց, և ես շնորհակալ եմ և՛ համայնքի ղեկավարությանը, և՛ Համաշխարհային բանկին, և՛ կառավարությանն ու մեր գործընկերներին, որոնք արել են ամեն ինչ, որպեսզի այս նախագիծն իրականանա: Շատ մեծ աշխատանք է իրականացվել, և ես ուրախ եմ, որ այս աշխատանքներն արել ենք միասին: Հուսով եմ, գյումրեցիները զգացել են, որ այգին իրենցն է, ու իրենք են այս այգուն հոգի տալու: Այս նախագիծը ժամանակ, աշխատանք ու ներդրումներ է պահանջում: Սա ամբիցիոզ նախագիծ է, և ես վստահ եմ, որ կդառնա Գյումրիի ամենասիրված վայրերից մեկը»,- իր խոսքում նշեց Ռուբեն Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ սա Հայաստանում այն եզակի դեպքերից է, երբ կա համայնք-պետություն-մասնավոր համագործակցություն բանաձևը: Վերականգնված Բարեկամության այգին կդառնա նոր ժամանակակից հանրային վայր և կգործի ամբողջ տարին:

«Այս այգին ևս մեկ լավ պատճառ կլինի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելելու համար: Բոլորիս շնորհավորում եմ այս լավ նախագիծը սկսելու առթիվ և մաղթում, որ գյումրեցիները հնարավորինս շուտ ունենան այս այգին»,- իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Գյումրու Բարեկամության այգու վերականգման նախագիծն իրականացվում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ՏՈՒՖ) բարեգործական հիմնադրամի կողմից, որը 2020 թ. հուլիսից ստանձնել և իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը: Այգու վերականգնման աշխատանքների գործընթացը մեկնարկել է 2019 թ.: Այգու վերականգնումը մաս է կազմում  Գյումրու համալիր զարգացման և վերականգնման ծրագրի, որն իրականացվում է «Հայաստան 2020»  նախաձեռնության շրջանակում:

Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:

Մինչ ծրագրի մեկնարկը Գյումրու «Բարեկամություն» այգին «մաքրվել է» այնտեղ տեղադրված 24 տնակներից:

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]