Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են 
Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից, մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը եւ նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խնդիրների արդյունավետ եւ արագ լուծմանը:

Թիերի Ռիբոն ԱԺ նախագահին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության հիմնական նպատակները եւ ուղղությունները, մանրամասնել իր ղեկավարած կառույցի առաքելությունն Արցախյան հակամարտության առնչությամբ՝ հատկապես վերջին տարվա ընթացքում:

Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին:

Թիերի Ռիբոն նշել է, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհետ կորածների եւ ազատազրկված անձանց ընտանիքների հետ, պարբերական այցերի միջոցով հետեւում Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին: Այդ աշխատանքի նպատակներից է նաեւ կանխել գերեվարվածների անհետացումը եւ օգնել նրանց պահել կապը հարազատների հետ:

ԿԽՄԿ-ն իրականացնում է բացառապես մարդասիրական եւ ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երեւանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]