Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգը լուրջ և հագեցած է լինելու

Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգը լուրջ և 
հագեցած է լինելու

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը դժվարանում է կանխատեսել՝ ի՞նչ արդյունքներ կտա հոկտեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը, սակայն  վստահ է, որ մոսկովյան նոր հանդիպումը կապված է Հարավային Կովկասում ընթացող ակտիվ գործընթացների, այդ թվում՝ ռուս-թուրքական և ռուս-իրանական բարձր մակարդակի քննարկումների հետ:

Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոսը «Արմենպրես»-ի հետ զրույցում կանխատեսեց, որ Պուտին-Փաշինյան հանդիպման շրջանակներում քննարկվելու է ինչպես Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափերի ստեղծման հարցը, մասնավորապես՝ «3+3» նախաձեռնությունը:

«Թե՛ Սոչիում Պուտինի և Էրդողանի հանդիպման, թե՛ Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանին վերաբերող հարցեր, և ես վստահ եմ, որ Էրդողանի հետ համաձայնեցվել է «3+3» ձևաչափի հարցը, որը քննարկվել է նաև Իրանի հետ, և մենք տեսանք, որ Իրանն էլ դեմ չէ այդ նախաձեռնությանը: Ըստ էության, Վրաստանն է, որ դեմ արտահայտվեց, և Հայաստանն է, որը դիրքորոշում չի հայտնել»,- ասաց նա:

Քաղաքագետն  այդ նախաձեռնության մեջ ռիսկեր տեսնում՝ կարծիք հայտնելով,որ Հայաստանն այդ ձևաչափին չպետք է համաձայնվի: Նրա գնահատմամբ՝ այն չի կարող նպաստավոր լինել Հայաստանի համար:

Անդրադառնալով հանդիպման օրակարգին՝ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը նկատեց՝ տարվա ընթացքում տեղի ունեցած նախորդ երեք հանդիպումների համեմատ հոկտեմբերի 12-ի Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումն ունի մեկ հետաքրքիր առանձնահատկություն: Դա այն է, որ Պուտին-Փաշինյան հանդիպմանը զուգահեռ երկօրյա այցով Մոսկվայում կլինի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ: Բացի այդ, աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Հետևաբար, զրուցակիցը կարծում է, որ Պուտինի և Փաշինյանի այս նոր հանդիպումը բովանդակային առումով ավելի լուրջ և ավելի հագեցած է լինելու:

Պատճառներից մեկն, ըստ զրուցակցի, այն է, որ շուտով լրանալու է Արցախյան երկրորդ պատերազմի դադարեցման և հրադադարի կնքման 1-ին տարին, ինչը ենթադրում է որոշակի ամփոփիչ հարցերի քննարկում:

«Ես համոզված եմ, որ Հայաստանի առջև կդրվեն որոշակի հարցեր: Բնականաբար, այս պարագայում նկատի ունեմ նոր քննարկվող ձևաչափը՝ «3+3» նախաձեռնությունը, որն, ըստ էության, խորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափին փոխարինելու միտում կարող է ունենալ», - նշեց Օրդուխանյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի մյուս առանցքային հարցը 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքն է և այդ պայմանավորվածություններից բխող որոշակի գործընթացներ մինչև տարեվերջ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Այս համատեքստում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը շեշտեց, որ նախքան տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների վերականգնման կամ տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափերի ստեղծման հարցերին անդրադառնալը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անպայման և անհրաժեշտաբար պետք է բարձրացնի վերջին շրջանում Ադրբեջանի դրսևորած սանձարձակ վարքագծի, մեր սահմաններին հրահրված լարվածության և հոկտեմբերի 9-ին Արցախում ադրբեջանական դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության հարցը այն շեշտադրմամբ, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու պարտավորությունը:

«Այս կետն անկատար է, Ադրբեջանը գործնականում հրաժարվում է դա անել», - արձանագրեց զրուցակիցը:

Մյուս առաջնահերթ հարցը, որը, քաղաքագետի կարծիքով, պետք է անպայման բարձրաձայնել Կրեմլում, վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների առաքելության ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, որոնք կրկին հրահրվում են Ադրբեջանի կողմից:

«Ինչպես արդեն տեղեկացանք՝ արցախցի խաղաղ բնակիչը ռուս խաղաղապահների ներկայությամբ էր սպանվել», - նկատեց զրուցակիցը:

Փաշինյան-Պուտին հանդիպման երրորդ առանցքային կետը, որն ըստ Էմիլ Օրդուխանյանի՝ պետք է բարձրացնի հայկական կողմը, այն է, որ Ադրբեջանի զորախմբերը մինչ օրս հետ չեն քաշվել Հայաստանի Հանրապետության տարածքից և մնում են որոշ հատվածներում 5 ամիս շարունակ:

«Այս պայմաններում, նշված երեք կետի առկայության պարագայում Հայաստանի Հանրապետության կողմից բանակցային որևէ փաստաթղթի ստորագրումը ուղղակի չի կարող նպատակահարմար լինել», - կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան-Իրան-Թուրքիա տարածաշրջանային համագործակցության հարթակ ստեղծելու գաղափարին, ապա հիշեցնելով, որ Վրաստանը արդեն պաշտոնապես հրաժարվել է իր մասնակցությունից, և «3+3»-ը արդեն վերածվել է «3+2»-ի, քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը կարծում է, որ նշված նախաձեռնությունից հրաժարվելու Հայաստանի փաստարկը կարող է լինել այն, որ «վեց երկրների հարթակի», հետո՝ «3+3»-ի նախաձեռնությամբ հանդես եկած Թուրքիան, որն այս ձևաչափի կողմնակիցներից է, կողմնակալ կեցվածք է ցույց տվել Արցախյան հակամարտության ընթացքում՝ ուղղակիորեն մասնակցելով պատերազմին Ադրբեջանի կողմից, հետևաբար նա չի կարող անաչառ միջնորդ լինել տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործընթացում:

«Սա շատ ծանրակշիռ փաստարկ է, որպեսզի հայկական կողմը չհամաձայնի առաջարկվող այդ նոր ձևաչափին, և մենք մնանք բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - առաջարկեց Օրդուխանյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ Ռուսաստանը կողմ լինի «3+3»-ին, քանի որ նա դրանից դիրքային կորուստներ չի ունենալու: Բայց հայկական կողմն, ըստ «Արմենպրես»-ի զրուցակցի, դրանից հրաժարվելու և ռուսական կողմին դիվանագիտորեն չնեղացնելու ևս մեկ հիմնավորում և փաստարկ կարող է ներկայացնել՝ վկայակոչելով այն փաստը, որ Ռուսաստանը արդեն որպես միջնորդ ներգրավված է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին: Հետևաբար, նույնիսկ եթե այդ ձևաչափը չգործարկվի, ամեն դեպքում, Ռուսաստանը կպահպանի իր ազդեցության լծակները Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում:

Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի նոր հանդիպման հնարավորության մասին տեղեկացրել էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է, որ Պուտինի և Փաշինյանի նոր հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:

Իսկ նախօրեին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն և Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ հաղորդագրության՝ Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Կողմերը անդրադառնալու են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]