Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-31/21. Կորյուն, Ազնավուր և Սարոյան  

«Նոր գիրք»-31/21. Կորյուն, Ազնավուր և Սարոյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած նորությունները: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ հեղինակ
Կորյուն, «Վարք Մաշտոցի»

«Ինքնություն» մատենաշարի այս հատորը բովանդակում է Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի երեք բնագրի աշխարհաբար փոխադրությունը՝ աշխատասիրությամբ ձեռագրագետ Ա. Մաթևոսյանի։ Առաջին՝ ընդարձակ բնագրի ծանոթագրությունները Մանուկ Աբեղյանինն են՝ վերանայված և խորհրդային գաղափարախոսության կնիքից ազատված։ Կորյունի «Վարք Մաշտոցին» առաջին մեսրոպատառ ինքնուրույն երկն է։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

 

Թարգմանական գրականություն
Շառլ Ազնավուր, «La Bohème. Անցած օրեր»

Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ եւ հանդուրժող։ Եվ ահա, մի քանի տասնամյակ շարունակվող մշտամնա կարիերայից հետո նա վերադառնում է իր անցյալին։ Գրքում տեղ են գտել զավեշտալի ու դրամատիկ, անսպասելի ու հուզիչ պատմություններ։ Դրանք ընթերցողին հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել անսպառ կենսասիրության խորհրդանիշ արտիստին։ Այս գրքում երգիչ, դերասան ու գրող, միաժամանակ նաեւ եղբայր, ամուսին ու ընկեր Ազնավուրն ընթերցողի սիրտը նվաճում է անմիջականությամբ եւ պարզությամբ։ Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը:

 

Փաստավավերագրական գրականություն
Վահագն Դավթյան, «Բարի հսկան»

Հուշագրությունը ծնվել է «բարի հսկա» Վիլյամ Սարոյանի հետ Երևանում, Փարիզում, Ֆրեզնոյում հանդիպումների և ուղևորությունների արդյունքում։ Հետաքրքիր մանրամասներ են ներկայացված մեծ գրողի գրականության, շրջապատի, կյանքի, ընտանիքի, ինչպես նաև որդու հետ բարդ հարաբերությունների մասին։

Առաջին հրատարակությունից հետո Վահագն Դավթյանը հուշագրությունն ընդլայնել է՝ ավելացնելով տասնյակ անտիպ էջեր։ Վերանայված տարբերակը լույս է տեսնում առաջին անգամ։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

 

«Նոր գիրքը» ներկայացրեց

Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]