1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բարձրակարգ ֆիլմեր, հյուրընկալ քաղաք. «Ոսկե ծիրանն» ամփոփեց փառատոնի արդյունքները

Բարձրակարգ ֆիլմեր, հյուրընկալ քաղաք. «Ոսկե ծիրանն» ամփոփեց փառատոնի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը 2021-ին անցկացվեց հոկտեմբերի 3-10-ը, ցուցադրվել է ավելի քան 60 կինոնկար: Փառատոնն իր հարկի տակ է համախմբել ավելի քան 50 հյուրի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ժյուրիի անդամները նշեցին՝ գոհ են ներկայացված ֆիլմերից, փառատոնի լավ կազմակերպված լինելուց, շեշտեցին՝ իրենց համար շատ դժվար է եղել ընտրություն կատարելը, քանի որ բոլոր կինոնկարները բարձրորակ էին: Նրանք խոստովանեցին՝ մեծ բավականություն են ստացել ոչ միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասը կազմելուց, այլև Երևանում հյուրընկալվելուց, քանի որ քաղաքն ուրախ է և ջերմ:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատի համոզմամբ՝ ծրագիրն ուժեղ էր: «Կար տասը ֆիլմ, որոնցից առնվազն հինգը կարող էին հաղթել: Առաջին մրցանակին արժանացավ Հնդկաստանի ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակը վավերագրական կինոնկարը շահեց: Մրցութային ֆիլմերը լուրջ պատմություններ էին ու կարևոր սոցիալական խնդիրներ էին բարձրաձայնում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ «Ոսկե ծիրանից» հետաքրքիր ու գեղեցիկ գաղափարներ կարելի է տանել:

«Կորիզ» կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի անդամ Ֆիլիպ Ժալալդոն առաջին անգամ է որպես ժյուրի գնահատում կարճամետրաժ կինոնկարները: Նա վստահ է՝ կարճամետրաժ կինոն մեր ապագան է, որովհետև հենց այդ ֆիլմերի երիտասարդ ռեժիսորներն են հետագայում խաղարկային և այլ կինոնկարներ նկարահանում:

Անդրադառնալով «Ոսկե» և «Արծաթե» ծիրանի արժանացած մրցանակակիրներին՝ նա ասաց, որ դրանք հիանալի, տարբերվող կինոնկարներ էին թե՛ սցենարային, թե՛  այլ առումներով:

FIPRESCI-ի ժյուրիի անդամ Դոմինիկ Շմիդը հիշեցրեց, որ այդ մրցույթում ներկայացված էին տարածաշրջանային ֆիլմեր, որոնք բազմաժանր էին, հզոր:

«Իմ հետաքրքրությունը տարածաշրջանային կինոյի նկատմամբ մեծացավ, իսկ գիտելիքներս շատացան»,-ընդգծեց Շմիդն ու խոսեց Երևանի մասին՝ նշելով, որ հիացած է քաղաքի ոգով, հյուրընկալ հասարակությամբ և բարձրակարգ փառատոնով:

«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնը մրցութային արդյունքներն ամփոփել է հոկտեմբերի 9-ին Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել «Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել «Նոր հին ներկայացում» (ռեժ․՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարը։  

Պետեր վան Բյուրենի անվան FIPRESCI մրցանակն ստացել է «Սանձում» (ռեժ․՝ Սալոմե Ջաշի, Շվեյցարիա/ Գերմանիա/ Վրաստան) ֆիլմը։ «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել «Աշխարհ»-ը (ռեժ․՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան), «Արծաթե ծիրան»-ին՝ «Ստորգետնյա»-ն (ռեժ․՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան)։ Իսկ Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակը տրվել է «Գլխիվար» ֆիլմին (ռեժ․՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։   

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]