1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թարգմանական արվեստը՝ ժողովուրդներին կապող կամուրջ. հայտնի են «Կանթեղ» մրցանակի դափնեկիրները

Թարգմանական արվեստը՝ ժողովուրդներին կապող կամուրջ. հայտնի են «Կանթեղ» 
մրցանակի դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությանը մրցանակների արժանացան թարգմանիչներ Կարլեն Մատինյանը, Արտաշես Էմինը, Գարուն Սարգսյանը, Վահե Արսենը, Բեթինա Վյորմանը: Միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 9-ին Օշականում:

«Թվում էր՝ անկախության տարիների առաջին ժամանակամիջոցում թարգմանչական արվեստը պետք է հետ ընկներ, որովհետև տպագրական, հրատարակչական գործը դժվարությունների էր հանդիպել, բայց  հետագա տարիներին զարմանալիորեն բուռն վերելք ապրեց: Բազմաթիվ լեզուներից հայերեն թարգմանվեցին նախորդ դարերի լավագույն գեղարվեստական, պատմագիտական, արվեստագիտական գրքերը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ վերջին 20 տարում մեր երկրում հայ գրականությունն է թարգմանվում  այլ լեզուներով՝ շվեդերեն, իսպաներեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն և այլն: Հրատարակվել են հարյուրավոր գրքեր, երկլեզու, եռալեզու ալբոմներ, որոնք ներկայացվում են միջազգային ցուցահանդեսներում:

«Այս տարվա մրցանակակիրներից Բեթինա Վյորմանը Շտուտգարտում հրատարակեց ժամանակակից հայ բանաստեղծների 450 էջանոց  մի հատոր, հսկա գործ, որն արել է վերջին տարիներին: Վերջին տասնամյակներում սա յուրահատուկ աշխատանք  է, որով պետք է հպարտանանք»,-շեշտեց միության նախագահը:

Բեթինա Վյորմանն էլ պատմեց, որ երկու տարի առաջ հանդիպել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանի հետ ու որոշել են հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիա լույս ընծայել: Ընտրվել են հեղինակներ և՛ հին, և՛ նոր սերնդից: «Սկզբում գործերը թարգմանվել են ռուսերեն, այնուհետև՝ գերմաներեն: Ես սիրով եմ աշխատել և պետք է խոստովանեմ, որ հայ բանաստեղծների ստեղծագործություններն ինձ շատ հարազատ են: Թարգմանելիս զգացել ու հասկացել եմ յուրաքանչյուր գրողի բնավորությունն ու էությունը»,-նշեց Վյորմանը:

Կարլեն Մատինյանը մոտավորապես երեսուն գիրք է թարգմանել, որոնցից երեքը հայերենից գերմաներեն: «Տարբեր գրքերի հետ կապված հետաքրքիր զգացողություններ եմ ունենում. երբ թարգմանում էի «Օծանելիքը», որը հոգեբանական է, իսկ լեզուն կախարդական, զարմանում էի: Վերջերս թարգմանում էի «Մայրաքաղաք» գիրքը, որը Գերմանիայում հայտնի է. ակնհայտ տեսնում ենք Եվրամիության ներքին խոհանոցը, այն շատ հետաքրքիր է: Մենք բազմաթիվ նոր բաներ ենք բացահայտում: Ընկերոջս՝ Արա Առաքելյանի հետ թարգմանում ենք Կաֆկայի հինգհատորյակը: Ինձ ցնցում են նրա նամակները, որոնք շատ զգացմունքային են ու խորը»,-պատմեց նա ու հավելեց՝ թարգմանական արվեստը ժողովուրդներին կապող ամենամեծ կամուրջն է:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է այս մրցանակաբաշխությունը, որի նպատակը  դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]