Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Համանախագահներն ընդգծել են տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը

Համանախագահներն ընդգծել են տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համաախագահները հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահ Գիլլես Կարբոնյեի հետ, քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումների հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրա արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել: Նշվում է, որ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Բոլոր մասնակիցները շեշտել են իրենց աշխատանքներն իրականացնելու համար միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիակատար, անարգել մուտքի կարևորությունը:  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում `  պահվող անձանց, անհետ կորածների և բոլոր տեղահանվածների վերադարձի վերաբերյալ: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու իրենց մտադրությունը»,-ասված  է հայտարարությունում:

Համանախագահները դրական են ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային հայտարարությունները, որոնք արտահայտում են համանախագահների հովանու ներքո միմյանց հետ հանդիպելու իրենց սկզբունքային  պատրաստակամությունը:

«Համանախագահները անհամբերությամբ սպասում են կողմերի ներգրավմանը՝ քննարկելու նման հանդիպման մանրամասները և կրկնում են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը `քննարկելու գործընթացի հաջորդ քայլերը»,-նշել են համանախագահները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]