Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Հայաստանում ընտրությունները փաստեցին, որ մարդիկ վստահում են ժողովրդավարությանը. Լիտվայի վարչապետի բացառիկ հարցազրույցը

Հայաստանում ընտրությունները փաստեցին, որ մարդիկ վստահում են 
ժողովրդավարությանը. Լիտվայի վարչապետի բացառիկ հարցազրույցը

ՎԻԼՆՅՈՒՍ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ընդգծում է՝ Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահության մեծ պաշար է ստացել: Նրա գնահատմամբ՝ այդ ընտրություններում մարդիկ վստահություն են հայտել ժողովրդավարական գործընթացներին՝ ընտրելով «ավելի լավ կյանքի մանդատ»: Լիտվայի վարչապետը կարևորում է, որ Հայաստանում ընտրությունները ճանաչվել են արդար և թափանցիկ:

Տարբեր ոլորտներում հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հեռանկարների, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Լիտվայի վարչապետը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին:

Տիկին վարչապետ, շնորհակալություն մեզ ժամանակ տրամադրելու համար: Այս տարի լրանում է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Խորհրդանշական է, որ Լիտվան Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչած առաջին պետությունն է: Եթե ամփոփելու լինենք, ինչպիսին են մեր հարաբերություններն այսօր և ամենակարևորը՝ ինչ ուղղությամբ ենք մենք շարժվում առաջ:

Ես կարծում եմ, որ մենք հիմնականում ընթանում ենք նույն ճանապարհով:  Կան որոշակի առանձնահատկություններ, սակայն մենք նույն ճանապարհին ենք, քանզի այնպիսի երկրներ ենք, որ հավատում են հիմնարար ժողովրդավարական արժեքներին: Կարևոր է, որ մարդիկ իմանան, որ ունեն ընտրելու, իրենց ճակատագիրը որոշելու իրավունք: Մարդկանց համար կարևոր է իմանալ, թե ինչ է կատարվում:  Այսպիսով՝ մամուլի ազատությունը, մասնավոր սեփականությունը, անկախ դատարանները և բոլոր մյուս հիմնարար արժեքները  ամբողջացնում են այն հիմքը, որ մենք անվանում ենք ազատական ժողովրդավարություն:

Իհարկե, մի շարք, այդ թվում՝ աշխարհագրական պատճառներով, Լիտվան երկրների խմբում է, որոնք միացել են Եվրոպական Միությանը՝ հիմնվելով այդ արժեքների վրա: Սակայն, համագործակցությունն այլ երկրների հետ, որոնք նույն կերպ են մտածում, շատ կարևոր է: Մենք լավ հնարավորություն ունեցանք քննարկելու վարչապետ Փաշինյանի հետ այն, թե ի՞նչ մենք կարող ենք անել որպես ժողովուրդ, որն այդ հիմնարար արժեքները կարևորում է՝ որպես բարգավաճման վճռորոշ գործոն: Քննարկել ենք թե ինչպե՞ս կարող ենք կիսվել մեր փորձով, մեր պատմություններով, մեր հաջողություններով և, երբեմն, գուցե նաև սխալներով, և հասկանանք, թե ինչպես կարող են մեր քաղաքացիներն ավելի լավ ճանաչել միմյանց:

Տիկին վարչապետ, դուք անդրադարձաք կարևոր հարցերի: Մշտապես ասում ենք, որ կա տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու մեծ ներուժ. ինչպիսին է այն, ո՞ր ոլորտներում եք տեսնում այդ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Իմ կարծիքով, հարցը միայն առևտրաշրջանառությանը չի վերաբերում: Խոսքը նաև այլ մակարդակներում համագործակցության մասին է: Մենք կարող ենք խոսել նաև մեր համալսարանների և գիտության ոլորտում գործակցության մասին: Եվ համաձայնագիրը, որը ստորագրվել էր առողջապահության նախարարությունների միջև շատ կարևոր էր՝ օրինակ, կորոնավիրուսի համավարակին հակազդելու առումով:

Առաջին հերթին տնտեսական կապերի առումով ամենահեշտը կլինի զբոսաշրջության մասին խոսելը, քանի որ մենք որոշակի հանգրվանի ենք հասել նոր ուղիղ չվերթի բացման ճանապարհին: Սա մի նպատակ է, որին կարող ենք հասնել, դրա զարգացման շուրջ մտածել: Երբ առկա է ուղիղ չվերթի հնարավորությունը և կա քաղաքական աջակցություն, գործարար կապերում բիզնեսն այնքան խելացի կգտնվի, որ կկարողանա գտնել երկու շուկաներում առկա հնարավորությունները:

Թվային փոխակերպման առումով Հայաստանը մեծ հավակնություններ ունի: Գիտե՛ք, որ այս ոլորտում բազմաթիվ ընկերություններ ունենք, որոնք գործում են ամենամեծ մասշտաբով: Մենք ունենք մի շարք լուծումներ, որոնք արդեն կիրառելի են բազմաթիվ երկրում: Դա կարող է հետաքրքրել հայաստանյան հաստատություններին, որոնք կարող են օգտագործել այս փորձը, ստեղծված արդյունքը կամ համակարգերը, օրինակ՝ կանաչ տնտեսության անցմանն ու այլընտանքային էներգետիկայի ոլորտներում:

Սա այն ուղղությունների մասով, որտեղ ես տեսնում եմ սիներգիայի հնարավորություն, որտեղ Եվրոպական Միության քաղաքականությունը համապատասխանում է Հայաստանի կառավարության քաղաքականության գծին: Այստեղ գործակցության մեծ սիներգիա եմ տեսնում:

Լիտվան օժանդակել է Հայաստանին համավարակի դեմ պայքարում. Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխգործակցության մասին համաձայնագիր, ինչպիսի՞ն է լինելու հետագա համագործակցությունն այս ոլորտում:

Մենք կարող ենք օգնել Հայաստանի առողջապահական համակարգին՝ բարեփոխումների համատեքստում՝ այն հարցերում, որ վերաբերում են առողջության ապահովագրության և առողջապահության կազմակերպման ոլորտներին: Այնպես չէ, որ մենք այս ոլորտում բարեփոխումների առումով խնդիր չունենք: Մենք նույնպես դեռ մի քանի բան ունենք անելու: Սակայն լավ է, երբ առաջադիմում ես, որ կարողանում ես կիսել փորձդ ուրիշների հետ:

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում տեղի ունեցավ փորձի և անձնակազմի փոխանակություն, ինչն անհրաժեշտ էր իրավիճակի կառավարման համար: Դա վերաբերում է նաև COVID-ի թեստերին և պատվաստումներին: Եթե մենք կարող էինք կիսվել, ապա կիսվում էինք, թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների հետ:

Կարևոր է խելամտորեն օգտագործել առկա ընտրանքները: Եվ եթե մենք, լինելով Եվրոպական Միության անդամ, առաջիններից էինք ստանում պատվաստանյութեր, հնարավորության դեպքում կիսվում էինք մյուսների հետ: Դա այն ճանապարհն է, որով երկրները պետք է անցնեն: Այն իրավիճակը, որը ստեղծվել էր COVID-ի համաճարակի արդյունքում, հանգեցրեց փորձի փոխանակման և համագործակցության, որը բավականին բեղմնավոր եղավ:

Տեղյակ եմ, որ մեր փորձագետները գոհ էին նրանից, թե ինչպես էին իրենց ընդունում Հայաստանում:

Ուրեմն ինչու՞ չշարունակենք այս գործընթացն ու չկնքենք այս համաձայնագիրը:

Ինչպես գիտեք, նախորդ տարին դրամատիկ էր Հայաստանի համար: Պատերազմը Լեռնային Ղարաբաղում հանգեցրեց մի շարք, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների: Լիտվան առաջիններից մեկն արձագանքեց:  Ինչպիսի՞ն է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ձեր դիրքորոշումը, արդյոք շարունակվելու ե՞ն մարդասիրական աջակցության ծրագրերը:

Տարիներ շարունակ, մեր մոտեցումը եղել է այն, որ եթե մարդիկ ինչ -որ տեղ օգնության կարիք ունեն, և մենք որևէ ողջամիտ ձևով կարող ենք օգնել, ապա դա էլ անում ենք: Մենք քրիստոնեական արժեքների վրա հիմնված երկիր ենք, և այս մոտեցումը կիրառում ենք բազմաթիվ դեպքերում՝ թե բնական աղետների, թե հակամարտությունների ժամանակ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղինն էր:

Ես իմ խորը ցավակցություն եմ հայտնում նրանց, ում մերձավորները զոհվեցին այս հակամարտության ընթացքում: Մարդկային ցանկացած կորուստ հսկայական կորուստ է:

Ցավալի է, որ նման իրավիճակում ենք, սակայն, չկա այլ ճանապարհ, քան խնդիրը կարգավորելը, ու, իհարկե, ամենանախընտրելի տարբերակը դա անելն է քաղաքական ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Եվ ես ուրախ եմ տեղեկանալ, որ այս ուղղությամբ գոնե որոշակի քայլեր են արվում:

Իհարկե, հեշտ չէ, երբ մարդիկ հակոտնյա կարծիքներ ունեն, թե ո՞վ է ճիշտ, ո՞վ է սխալ և թե ի՞նչ է պետք է անել: Կարծում եմ, որ նաև Եվրոպական Միության ինստիտուտների օգնությամբ, Եվրոպական միության մասնակցությամբ և այլ վայրերում կարգավորման փորձով կարգավորումը հնարավոր է: Ես տեսնում եմ խաղաղ վիճակի հասնելու անկեղծ կամք, հուսով եմ, որ ինչ որ բանի կհասնենք՝ նկատի ունեմ, առաջին հերթին Հայաստանն ու Ադրբեջանը: Դա կարևոր է նաև Եվրոպայի համար, կարևոր է գլոբալ առումով:

Որքան ավելի քիչ հակամարտություններ լինեն, այնքան մարդկանց համար ավելի հեշտ կլինի անցնել իրենց առօրյա կյանքին ու ստեղծել իրենց ապագան և բարեկեցությունը:

Լիտվան ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման յուրատեսակ առաջամարտիկներից է: Այն առաջիններից էր, որ վավերացրեց Հայաստան-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և կողմ է վիզային ռեժիմի ազատականացմանը։ Ի՞նչ արագությամբ ենք առաջ շարժվում այս ուղղությամբ:

Եվրոպական Միությունում ամեն ինչ չէ, որ արագ է շարժվում, չնայած երբեմն Եվրոպական Միությունը կարող է իրականում արագ գործել: Կորոնավիրուսի համաճարակն այդպիսի մի իրավիճակ էր, երբ հստակ երևաց, որ մենք նույնպես կարող ենք շատ արագ շարժվել: Այսպիսով, գուցե, երբ տեղի ունենա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, Եվրոպական Միությունն ավելի մեծ հավակնություն կցուցաբերի:

Դուք գիտեք, որ շատ դեպքերում մենք Արևելյան գործընկերների նկատմամբ ներառական որոշումների կողմնակիցներ ենք: Եվ դա միայն Հայաստանի դեպքում չէ: Մենք քննարկում ենք բարեփոխումներն Ուկրաինայում, քննարկում ենք Վրաստանի հարցը, խոսում Մոլդովայի և այլ երկրների մասին:

Եվ մենք կարծում ենք, որ շատ լուծումներ կան, որոնք կարող են ավելի մոտեցնել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրները: Դրանից երկու կողմերում էլ կարող են շահել մարդիկ: Ընդհանուր պայմանները մարդկանց ու գործարարների համար կբարելավվեն, նրանք կկարողանան իրար ավելի լավ ճանաչել, ճամփորդել, բիզնեսով զբաղվել:

Այնպես որ, զարմանալի չէ, որ մենք այդ ձգտումների ամենաբացահայտ կողմնակիցներից ենք: Իհարկե, միայնակ հնարավոր չէ որոշում ընդունել, պետք է պայմանավորվածություն լինի և մենք պատրաստ ենք առաջ մղել այդ պամանավորվածությունները:

Հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարացման միտումները, ինչպես են Վիլնյուսից երևում բարեփոխումների շարունակականությանն աջակցման ծրագրերը:

Բարեփոխումների հաջողությունը կախված կլինի հայ ժողովրդից և Հայաստանի կառավարությունից, բայց այն վստահությունը, որ վարչապետ Փաշինյանը ստացել է ընտրությունների ժամանակ, կարծում եմ, շատ մեծ է:

Մարդիկ իրականում ասացին, որ վստահում են ժողովրդավարական գործընթացներին, ասացին, որ չեն ուզում, որ ինչ-որ ինքնակալ գա և իրենց փոխարեն լուծի բոլոր խնդիրները: Սովորաբար այդպես չի լինում: Նման դեպքում, պարզապես ստանում եք ավելի քիչ ժողովրդավարություն, ավելի քիչ խոսքի ազատություն:

Լավ է, որ Հայաստանում ընտրությունները ճանաչվեցին արդար և թափանցիկ: Դա շատ կարևոր է, դա նշանակում է ավելի լավ կյանքի մանդատ:

Սովորաբար մարդիկ քվեարկում են ավելի լավ կյանքի իրենց պատկերացման համար: Ես կարծում եմ, որ նրանք դա տեսնում են ժողովրդավարական միջավայրում: Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը, պետք է ջանքեր գործադրի ավելի լավ հանրային ծառայություններ մատուցելու, ավելի արդար մրցակցություն ունենալու, կամ խնդիրներ նվազեցնելու համար՝ լինեն դրանք ԵՄ  հին թե նոր անդամները՝ չնայած մենք 17 տարի է, ԵՄ մաս ենք կազմում:

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ավելի լայն տիրույթ են զբաղեցնում:  Օրինակ, վարչապետն այցելեց թափոնների վերամշակման գործարան, որպեսզի հասկանա դրանց դեպոզիտացման համակարգի փորձը: Նա ինձ ասաց, որ դա Հայաստանի համար կարևոր խնդիր է: Մեզ համար դա փակված թեմա է: Այս հարցում մենք հաջողության ենք հասել, ու պատրաստ ենք մեր փորձը փոխանցել այլ պետությունների:

Շատ բան պետք է անել, բայց վերջնական նպատակը, մարդկանց բարեկեցությունն է: Ես խորապես հավատում եմ, որ մարդկանց բարեկեցությունը ժողովրդավարական արժեքների հետևանք է, այլ ոչ հակառակը, որովհետև երբեմն մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում, ասում են` եկեք առաջին հերթին հոգ տանենք այլ հարցերի մասին և հետո նոր մենք կապահովենք ժողովրդավարական արժեքներ:

Այդպես երբեք չի լինում, որովհետև իրականում՝ բարեկեցությունը գալիս է ժողովրդավարական արժեքների արդյունքում, երբ մարդիկ կարող են ընտրել այն, ինչ ուզում են, որտեղ կարող են բարձրաձայն ասել այն,

 ինչ իրենց դուր չի գալիս: Երբ կարող են գնալ դատարան, եթե գոհ չեն, երբ դատարանն անկախ է, ու կարող է պաշտպանել իրենց սեփականությունը, որ չի վերցնի ինչ -որ մեկը, ով պարզապես մտել է և վերցրել ձեռնարկություն կամ այլ գույք, այն դեպքում երբ դրա անձեռնմխելիությունն ապահովված է օրենքով:

Անկախ դատարանների դեպքում է, որ բիզնեսը կարող է ծաղկել, իսկ բարեկեցությունը՝ աճել:

Հայ- լիտվական մշակութային հարաբերությունները նույնպես ամուր հիմքեր ունեն և Հայաստանի վարչապետը Ձեզ նվիրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը», Հայաստանում էլ բավական լավ գիտեն լիտվական մշակույթը, այս համատեքստում, ի՞նչ ներուժ եք տեսնում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Դուք նաև Հայաստան այցելելու հրավեր ստացաք, ե՞րբ է հնարավոր Ձեր այցը:

Մեր մշակութային կապերը կարող են ավելի ինտենսիվ լինել: Ճանապարհորդելու հնարավորությունը կնպաստի դրան: Հատկապես, երբ մենք խոսում ենք մեր բոլոր քաղաքացիների մասին: Նրանք կկարողանան տեսնել միմյանց մշակույթը, անձնական փորձ ձեռք բերել, պատկերավոր ասած՝ զգալ մյուս երկրի համն ու հոտը և վերադառնալ լավագույն հիշողություններով:

Մշակութային գործունեության մակարդակում մենք նույնպես կարող ենք ավելին անել: Մենք կարող ենք փոխանակել ոչ միայն այն, ինչ ստեղծվել է 20, 50 կամ հարյուր տարի առաջ, այլև այն, ինչ թրենդային է: Ես կարծում եմ, որ մենք ունենք բազմաթիվ երիտասարդ, նշանավոր արվեստագետներ, ովքեր ավելի քան ուրախ կլինեն այցելել Հայաստան կամ ներկայացնել մեր մշակույթը հայ հանրությանը:

Մենք վարչապետի հետ խոսել ենք թե մարդկանց, թե գիտական, կրթական ու մշակութային հաստատությունների միջև համագործակցության մասին:

Հրավերի հետ կապված: Վարչապետն ինձ հրավիրել է Հայաստան: Դա մեծ պատիվ է, ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք իրականացնել այս այցը: Գիտե՞ք, որ մինչ այժմ Լիտվայի որևէ վարչապետ չի այցելել Հայաստան: Այսպիսով, ես հույս ունեմ, որ կկարողանամ առաջինը լինել, և դա այցը շուտով տեղի կունենա:

Շատ շնորհակալություն տիկին վարչապետ:

Շատ շնորհակալություն: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]