Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում անցկացվեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը

Երևանում անցկացվեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում 
համագործակցության խորհրդի 34-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը, որին մասնակցեցին ոլորտի ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Բելառուսից և այլ երկրներից, 2021-ին անցկացվեց Երևանում: Նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին: Այն նախագահեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց, որ նիստն այս տարի կազմակերպվել է Հայաստանում, քանի որ 2020-ի հոկտեմբերին տեղի ունեցած առցանց նիստին միաձայն որոշվել է, որ 2021-ին ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և որպես նախագահ ընտրվել է ինքը:

«Հանդիպման օրակարգում ներառված է շուրջ 20 հարց։ Քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում են կրթության բնագավառում համագործակցությանը՝ որակավորումների փոխճանաչմանը,  հումանիտար և սոցիալ-տնտեսական, ինչպես նաև մասնագիտական կրթության ոլորտներում կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղություններով ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպությունների գործունեության և զարգացման հեռանկարներին: Ցանցային համագործակցության շրջանակում «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը շուտով կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման, որն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կընձեռի ԱՊՀ տարածքում ուսանողների և դասախոսների փոխանակման տեսանկյունից»,-ասաց նա:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Փոխնախարարի խոսքով՝ քննարկվող հարցերը բազմազան են և պայմանավորված չեն հենց Հայաստանում առկա կրթական խնդիրներով: «Ուրախությամբ եմ ասում, որ հյուրընկալել ենք նիստը, որը բարձր մակարդակով է անցնում: Առաջարկել ենք մեր գործընկերներին հիբրիդային տարբերակ, այսինքն շատերը կարող էին առցանց մասնակցել, բայց մեծ մասը նախընտրել է գալ Հայաստան»,-շեշտեց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանի երիտասարդական քաղաքին՝ Կապանին նոր շունչ հաղորդելու նպատակով  հոկտեմբերի 11-13 նիստ է անցկացվելու այնտեղ:  Կազմակերպվելու է նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցաշարի եզրափակիչ փուլը:

ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Գալինա Կազակն էլ իր գոհունակությունը հայտնեց նիստի՝ բարձր մակարդակով անցկացման վերաբերյալ։

«Անցյալ տարի որոշում կայացվեց, որ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնում է Հայաստանը։ Այս տարին բավականին արդյունավետ էր․ բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, և բազմաթիվ աշխատանքներ են կատարվել։ Այսօրվա նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, և դրվել են կոնկրետ խնդիրներ՝ կրթության ոլորտում ԱՊՀ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ Քննարկել ենք նաև, թե ինչպես են իրագործվում ԱՊՀ ղեկավար մարմինների որոշումները և նախանշել հետագա համագործակցության ուղիները»,- նշեց  Գալինա Կազակը՝ հավելելով, որ նիստի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2022 թվականին այլ երկրի փոխանցելու հարցով։

ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի կանոնակարգի համաձայն` խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]