1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրում եմ թատրոնը, բայց ես կինոյի մարդ եմ. Կաննի կինոփառատոնի դափնեկիր Կոռնել Մունդուցոն Երևանում է

Սիրում եմ թատրոնը, բայց ես կինոյի մարդ եմ. Կաննի կինոփառատոնի դափնեկիր 
Կոռնել Մունդուցոն Երևանում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի թատրոնի և կինոյի հունգարացի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն է:

Ռեժիսորը, որը հայտնի է «Կնոջ մասնիկները», «Սպիտակ աստվածը», «Յուպիտերի արբանյակը» և այլ ճանաչված ֆիլմերով, հյուրընկալվել է Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոարվեստի երկրպագուները, ոլորտի մասնագետները հոկտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում հանդիպեցին նրան, զրուցեցին և լուսանկարվեցին ռեժիսորի հետ:

Մունդրուցոն խոստովանեց՝ 18 տարեկանում փնտրտուքների մեջ է եղել: «Ինձ հետաքրքիր էր՝ ես տաղանդավո՞ր եմ, թե՞ ոչ: Սա լուրջ հարց է երիտասարդների համար: Երբ համալսարան ընդունվելու համար պետք է նկարեի իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը, և վերցրի տեսախցիկն ու սկսեցի աշխատել դերասանների հետ, որոնք երկուսն էին, հասկացա, որ կինոռեժիսոր եմ: Մինչ օրս այդպես եմ մտածում: Անգամ հիմա, երբ ներկայացում եմ բեմադրում, աշխատում եմ որպես կինոռեժիսոր: Սիրում եմ թատրոնն, այն ինձ հարազատ է, բայց ես կինոյի մարդ եմ»,-ասաց նա և հավելեց՝ եթե ուրբաթ օրն ազատ է լինում և մտածում է՝ ուր գնալ, առաջին հերթին նայում է կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի ցանկերը, եթե լավ ֆիլմ չի գտնում, սկսում է ուսումնասիրել թատրոնների խաղացանկերը:

Ըստ Մունդրուցոյի՝ թատրոնն ու կինոն շատ հեռու են միմյանցից: Նա թատերական ֆիլմն ու սինեմատիկ թատրոնը վատն է համարում, կարծում է՝ պետք է հստակ  հասկանալ արվեստի այդ տեսակների կանոնները: «Այն, ինչ հնարավոր է անել բեմում, գրեթե անհնար է անել ֆիլմում և հակառակը»,-շեշտեց ռեժիսորը:

Կոռնել Մունդրուցոյի կինոնկարները մշտապես ներկայացվում են Կաննի կինոփառատոնում: Նրա խոսքով՝ Կաննում ներկայանալու կանաչ քարտ չկա: «Նրանք խորհում են ֆիլմերիդ շուրջ, բայց իմ մոտ ընկերները չեն: Բախտս պարզապես բերել է, որ իմ ֆիլմերը ցուցադրվում են Կաննի կինոփառատոնում, որը եվրոպական կինոյի կարևորագույն, հզոր միջոցառումներից է: Այն մինչ օրս պաշտպանում է հեղինակային կինոն, ինչը մեր ժամանակներում շատ դժվար է: Կաննում փորձում են կինոն կենդանի պահել:  Զարմանալի վայր է. եթե ֆիլմերդ լավ արձագանք են ստանում, ուրեմն ամեն ինչ լավ է, եթե ոչ, ուրեմն ձեզ կարող են սպանել»,-պատմեց ռեժիսորը:

Մունդրուցոյի համոզմամբ՝ կինոնկարները երեխաներիդ պես են. ինչպես երեխաներն են տարբեր, այնպես էլ ֆիլմերը: «Եթե ամեն ինչ սահուն է ընթանում, չի նշանակում, որ կինոնկարն անպայման հաջողելու է և հակառակը:  Ութ լիամետրաժ ֆիլմ եմ ստեղծել: Եղել են հիանալի ֆիլմեր, որ ստեղծվել են սիրով, ամեն ինչ սահուն է անցել, եղել են կինոնկարներ, որոնք չափազանց դժվար են ստեղծվել: Մտածում ես, որ կմեռնես մինչև նկարես, կարծում ես, որ անհնար է՝ ֆիլմ դառնա նկարածդ: Սակայն հաջողել են: Ճիշտ են ասում՝ եթե մի բան քեզ չի քայքայում, չի վերացնում, ավելի ուժեղ է դարձնում»,-շեշտեց Կոռնել Մունդրուցոն:

Անդրադառնալով «Էվոլուցիա» ֆիլմին, որը ցուցադրվում է «Ոսկե ծիրանի» շրջանակում, ռեժիսորն ասաց՝ շատ անձնական կինոնկար է, որը նկարահանել են տասը օրում:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել աշխարհի տարբեր մասերում նկարահանված ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմներին՝ հանդիսատեսին օգնելով խորհել տարբեր իրողությունների շուրջ, իսկ միջազգային ճանաչում վայելող կինոգործիչները, որոնք ժամանել են Հայաստան, վարպետության դասեր կանցկացնեն:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]