Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են համանախագահների հովանու ներքո հանդիպել հումանիտար հարցերը քննարկելու

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են համանախագահների հովանու 
ներքո հանդիպել հումանիտար հարցերը քննարկելու

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ քննարկելու հումանիտար մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով Նազելի Բաղդասարյանի հարցին, որն առնչվում էր Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Միրզոյանի վերջերս տեղի ունեցած հանդիպմանը:

«Իհարկե, այս ձևաչափով քննարկումների, բանակցային գործընթացի վերսկսումը միանշանակ ողջունելի և միանշանակ բխում է ՀՀ-ի, ԼՂ-ի շահերից: Մեկ անգամ ևս փաստում ենք, որ խնդիրը լուծված չէ: Ադրբեջանը սիրում է ասել, թե խնդիրն այլևս գոյություն չունի, կարծում եմ՝ սա միջազգային հանրության կողմից ևս  մի հավաստիացում է, որ խնդիրը գոյություն ունի և լուծում պահանջում է, և լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով, միջազգային ճանաչում ստացած միակ մանդատ ունեցող մարմնով»,-ասաց Միրզոյանը:

Նա կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խնդրի լուծումը՝ նշելով, որ դա ինչ-որ փուլում ենթադրում է ամենաէական հարցերի քննարկում:

«Դրական եմ համարում, որ ըմբռնում կար, որ ելնելով լարվածությունից, ելնելով բազմաթիվ չլուծված և օրեցօր ծագող զանազան հարցերի առկայությունից՝ պայմանավորվածություն  ենք ձեռք բերել նորից հանդիպել և առաջնային քննարկման դարձնել հումանիտար հարցերը: Իհարկե, առաջին հերթին խոսքը վերաբերում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցին, հաստատման սպասող գերիների առկայության հարցին, ԼՂ-ում հումանիտար առաքելությունների, միջազգային կազմակերպությունների հասանելիության հարցին, բազմաթիվ այսպիսի խնդիրներին: Կարծում եմ, որ այս խնդիրների դրական լուծումը առաջին հերթին Ադրբեջանի կողմից կառուցողական դիրքորոշման վկայություն կլինեն, և կստեղծեն այնպիսի մթնոլորտ, որտեղ կարող ենք ամենակարևոր հարցերը քննարկել ժամանակի ընթացքում»,-ասաց ԱԳ նախարարը: 

Միրզոյանն առաջարկեց ուշադրություն դարձնել համանախագահների տարածած հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներին: Ըստ նրա՝ ամեն ինչ դրանով ասված է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]