Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջին անգամ հանրությանն է ներկայացնում Վարդապետի բացառիկ գրադարանը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջին անգամ հանրությանն է ներկայացնում 
Վարդապետի բացառիկ գրադարանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը հանրության լայն շրջանակին ներկայացնելու նպատակով Վարդապետի թանգարան-ինստիտուտում բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 5-ին լրագրողները հնարավորություն ունեցան շրջելու թանգարանում, դիտելու ցուցադրությունն ու զրուցելու նախաձեռնողների, ցուցադրության աջակիցների հետ:

 «Գրադարանը տասնյակ տարիներ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում է պահվել, մեր խնդիրն այդ ամենն աշակերտներին, ուսանողներին, պարզապես հետաքրքրասերներին ներկայացնելն է»,-ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի ժառանգության, գրականության մեջ եվրոպականը տեսակարար կշիռ ունի, ուստի որոշվել է ցուցադրությունը կազմակերպել Եվրոպական ժառանգության օրերի և Եվրոպական լեզուների օրվա շրջանակում։

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նանե Միսակյանը տեղեկացրեց, որ ցուցադրությունը ներառում է Կոմիտասի տարբեր տարիների և տարբեր քաղաքներում ձեռք բերած բազմաժանր գրականությունը. առկա են նոտային գրականություն, երաժշտագիտական  ուսումնասիրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և աշխատություններ, ամսագրեր, գեղարվեստական և այլ գրականություն: Միսակյանն ասաց, որ Կոմիտասը շատ է սիրել լուսանկարվել և թանգարանի հիմնական ցուցադրությունների սրահում հնարավոր է ժապավենի տեսքով նկատել Կոմիտասի տարբեր տարիների լուսանկարները, իսկ նրա գրադարանում  լուսանկարչության երկու հատորից բաղկացած գիրք կա, ինչը փաստում է, որ Վարդապետը նաև ուսումնասիրել է այդ արվեստը:

Ըստ թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանի՝ Կոմիտասի գրականությունն ուսումնասիրության ահռելի դաշտ է: «Կոմիտասագիտության տեսանկյունից կարող ենք հստակեցնել Կոմիտասի հետաքրքրությունների շրջանակը, նյութը, որն ակտուալ է եղել նրա կյանքի օրոք, այն, ինչը նպաստել է նրա կայացմանն ու ուսումնասիրություններին»,-շեշտեց նա:

Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանն էլ, անդրադառնալով Կոմիտասի գրադարանի՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվելուն, պատմեց, որ 1927 թվականին գրող, քննադատ, բանասեր Արշակ Չոպանյանը Պոլսի պատրիարքի նամակին  ի պատասխան, թե ինչ է պետք անել Կոմիտասի գրադարանի հետ, նշում է, որ այն չի կարելի վաճառել, այլ պետք է  պահել Երևանի ազգային թանգարանում: 1932-ին, երբ Չոպանյանը եկել է Երևան, նրա միջնորդությամբ գրադարանը բերվել է Երևան:

Հարոյանը նշեց, որ, ավաղ, Կոմիտասի անձնական գրադարանը մինչ օրս չի ենթարկվել լուրջ գիտական, մշակութաբանական, մատենագիտական, անգամ երաժշտագիտական ուսումնասիրության: «Ես հույս ունեմ, որ այս ցուցադրության շարունակությունը պետք է լինի լուրջ գիտական հատորի հրատարակությունը, որի վրա մեր թիմն արդեն աշխատում է»,-ընդգծեց համադրողը:

Խոսելով գրադարանի բովանդակության մասին՝ նա շեշտեց, որ չկա մի բնագավառ, որին վերաբերող գիրք չլինի Կոմիտասի գրադարանում: «Գրքերի մեծամասնությունը ստորագրված է. Կոմիտասը վերակազմել է դրանք՝ լավ պահպանելու նպատակով: Գրքերի մեծ մասն օտարալեզու է՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն և այլն. կան նաև հայերեն գրքեր, սակայն դրանք քիչ են: Կոմիտասի՝  Չոպանյանի, Թորոս Ազատյանի հետ նամակագրությունից պարզ է դառնում, որ նա նաև հայերեն լավ գրադարան է ունեցել, բայց չկան այդ գրքերը»,-ասաց Հարոյանը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն էլ շատ կարևորեց միջթանգարանային համագործակցությունը, որի արդյունքն է ցուցադրությունը: Նա շեշտեց, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ վաղուց են աշխատում և մշտական ու ժամանակավոր բազմաթիվ ցուցադրություններ են կազմակերպել: «Ամեն միջոցառում մեր մեծաքանքար վարդապետին մի կողմից է լուսաբանում: Կոնկրետ այս ցուցադրությանը նախ տեսնելու ենք Կոմիտաս գիտնականին, թե ինչպես էր նա հետևողականորեն ուսումնասիրում հայ և համաշխարհային երաժշտարվեստը: Նրա գործը կենսունակ է, որովհետև նրա ակունքներն ամուր են»,-շեշտեց Վարդանյանը:

Ցուցադրությունը ձևավորող թիմի ներկայացուցիչ Սարհատ Պետրոսյանի համոզմամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և՛ մշտական, և՛ ժամանակավոր ցուցադրություններով հայկական թանգարանային իրականությունում նոր նշաձող է սահմանել և բարձր, նոր որակով է ներկայացրել թանգարանային գործը:  «Եթե չեմ սխալվում, սա չորրորդ ժամանակավոր ցուցադրությունն է, որը համատեղ ենք իրականացնում: Ի պատիվ թանգարան-ինստիտուտի ղեկավարության՝ պահպանվում է մշտական ցուցադրության նույն տրամաբանությունն ու որակը»,-ասաց նա ու հավելեց, որ սիրով կշարունակեն համագործակցությունը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ցուցադրությունն իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրության կայացմանն աջակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի  դեսպանությունները, Երևանում «Գյոթե» կենտրոնը և այլք:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]