1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ և ռուս գիտնականները Երևանում քննարկել են գենետիկայի արդիական խնդիրները

Հայ և ռուս գիտնականները Երևանում քննարկել են գենետիկայի արդիական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 4-ին անցկացվել է «Գենետիկա XXI» կլոր սեղանը, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝  Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Գիտության մեջ այսօր ակտուալ են այն ուղղությունները, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանման, կենսաիմունոտեխնոլոգիայի հետ, որոնց զարգացման կարևորագույն բաղադրիչներն են գենետիկական հետազոտությունները: Դրանք Հայաստանում բավական հաջողությամբ իրականացվում են, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում: Այսօր աշխարհում տեղի են ունենում շատ բարդ և վտանգավոր գործընթացներ,  մարդկությունը կանգնում է բարդ մարտահրավերների առջև: Անգամ շատ հարուստ ռեսուրսներ ունեցող երկրները միայնակ չեն կարող կանխել այդ մարտահրավերները: Անհրաժեշտ է համագործակցություն, գիտական ներուժի ու ջանքերի միավորում», - ասել է Աշոտ Սաղյանը:

Նա նշել է, որ համագործակցության անհրաժեշտության մասին շեշտվել է վերջերս Մինսկում անցկացված ԱՊՀ պետությունների համագործակցության 30-ամյակին նվիրված  գիտաժողովի ժամանակ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգևի հետ հանդիպման ժամանակ: «Հայկական և ռուսական գիտությունները սերտորեն կապված են, և մենք պետք է շարունակենք  պահպանել և զարգացնել այդ կապերը», - նշել է ակադեմիկոս Սաղյանը:

Ըստ աղբյուրի՝ իր ողջույնի խոսքում Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում: Շատ կարևոր է մեր հանդիպման թեման, որը կապված է ամենակարևոր և ակտուալ գիտություններից մեկի՝ գենետիկայի հետ, հատկապես հիմա, երբ Ռուսաստանում հայտարարված է գիտության և տեխնոլոգիայի տարի: Գենետիկայի հարցերը հուզում են բոլորիս, և մենք բաց ենք ձեր առաջարկությունների համար՝ կապված համատեղ այցերի, հանդիպումների և քննարկումների հետ»:

Կլոր սեղանին մասնակից ռուս և հայ գիտնականները ներկայացրել են իրենց գիտական զեկույցները: ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը ներկայացրել է «էկոգենետիկ ուսումնասիրությունները Հայաստանում» զեկույցը, որի նպատակն է Հայաստանում ջրի և հողի գենոտոքսիկ աղտոտման փորձարկման մեթոդների մշակումը` կենսաինդիկատոր օրգանիզմների միջոցով: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ռուս-հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը ներկայացրել է «Ֆունկցիոնալ գենոմիկան կենսաբանական հետազոտություններում» զեկույցը՝ կապված տիեզերական ճառագայթման շատ ցածր չափաբաժինների երկարաժամկետ ազդեցության ֆունկցիոնալ գենոմիկայի, կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլային գենետիկական վերլուծության, գենոմային բիոինֆորմատիկայի ուռուցքաբանության և այլ  հիվանդությունների մեջ: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրել է գենետիկական անթրոպոլոգիա թեման՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում:

Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ելենա Խլյոստկինան և նրա տեղակալ Ալեքսեյ Զավարզինը ներկայացրել են «Գենետիկական պաշարները՝ որպես գիտության և անվտանգության զարգացման հիմք» զեկույցը, Ռուսաստանի Դաշնության Բուռնազյանի անվան պետական բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի պրոֆեսոր Անդրիան Օսիպովը ներկայացրել է իրենց գիտական կենտրոնի վերջին նվաճումները, ռադիացիոն գենետիկայի ասպարեզում գիտական արդյունքները, որոնք ստացվել են Ռուսաստանի գիտության ֆոնդի ծրագրի շրջանակներում՝ հայ գիտնականների հետ համատեղ:

ՀՀ ԳԱԱ-ից հայտնում են, որ կլոր սեղանի անցկացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն և Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]